Մոսկվան հաստատում է՝ Երևանը խնդրել է որպես միջնորդ հանդես գալ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, իսկ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցույց տալ։
«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գերծերի նախարարության (ՌԴ ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այո, ես կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է աջակցելու Երևանի ու Անկարայի միջև հարաբերություններում միջնորդության համար։ Ռուսաստանը շահագրգռված է և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքեր է գործադրել»,-Զախարովայի խոսքերն է փոխանցում գործակալությունը։
«Այս գործընթացի մեկնարկը, կարծում ենք, անկասկած կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը»,-հավելել է դիվանագետը:
Հիշեցնենք՝ օրերս հայտնի դարձավ, որ պաշտոնական Երևանը Մոսկվային տեղեկացրել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին։