Հայաստանի Հանրապետության (ՀՀ) իշխանությունները Ռուսաստանի Ռաշնությանը (ՌԴ) տեղեկացրել են առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսելու պատրաստակամության մասին:
ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարության (ԱԳՆ) մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ մեր ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների: Եթե և երբ գործընթաց կսկսվի, մենք, իհարկե, կտեղեկացնենք հանրությանը իրադարձությունների զարգացման մասին»,-ԱԳՆ խոսնակի խոսքերն է փոխանցում գործակալությունը։
Վահան Հունանյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրում արձանագրված է, որ Հայաստանը միշտ պատրաստ է եղել կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների:
«Միաժամանակ ուզում եմ նշել, որ ներկա պահին Թուրքիայի հետ որևէ բանակցություն չի վարվում»,-հստակեցրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը 2021-2026 թթ․ գործունեության ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնում ամրագրել է, որ «այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով»։
Օգոստոսի 27-ի կառավարության նիստում էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով տարածաշրջանային խաղաղության թեմայի շուրջ, հայտարարել է, թե որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից, և իրենք դրանք կգնահատեն ու դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանեն։
Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում էլ Փաշինյանը, անդրադառնալով սահմանակից պետությունների հետ հարաբերությունների խորացման ու կարգավորման հնարավորություններին, հայտարարել է, որ Երևանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն է տեսնում և պատրաստ է դրան։