Սյունիքում կառուցվում է այլընտրանքային 7 ճանապարհ, դիտարկվում է ևս 3-ը կառուցելու հնարավորությունը - RadioVan.fm

Онлайн

Սյունիքում կառուցվում է այլընտրանքային 7 ճանապարհ, դիտարկվում է ևս 3-ը կառուցելու հնարավորությունը

2021-11-25 16:30 , Политика, 1251

Սյունիքում կառուցվում է այլընտրանքային 7 ճանապարհ, դիտարկվում է ևս 3-ը կառուցելու հնարավորությունը

ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզում կառուցում է այլընտրանքային 7 ճանապարհ:

Այդ մասին կառավարության այսօրվա նիստում հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ միջպետական նշանակության Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը լավացնելու աշխատանքներ են իրականացնում, մասնավորապես՝ Տաթև-Լծեն հատվածում:

Կառուցվում է նաև Վերին Խոտանան գյուղը շրջանցող ճանապարհ, որպեսզի բեռնատարները գյուղով չանցնեն։

Իր հերթին ճանապարհների կառուցման ընթացքից մանրամասներ է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ 7 ճանապարհներից մեկը՝ Տաթև-Աղվանին, ամբողջովին պատրաստ է և երթևեկելի: Մարզպետի գնահատմամբ՝ այս ճանապարհի հիմնական հատվածը Մ2-ին ոչնչով չի զիջում, որոշ հատվածներում նաև լայն է: Գլխավոր դժվարությունը, ըստ նրա, Տաթևի ձորի որոշակի հատվածներում է:

Մարզպետը պարզաբանել է, որ Տաթև-Լծեն ճանապարհը նաև դրա համար է կառուցվում, որպեսզի այդ հատվածը շրջանցվի և ավելի կարճ ճանապարհով հնարավոր լինի հասնել Սիսիան:

Մնացած 6 ճանապարհների վրա ակտիվ աշխատանքներ են ընթանում: Սանոսյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարությամբ հիմա ևս 3 ճանապարհի կառուցում են դիտարկում, դրանք հիմա քննարկման փուլում են և առաջիկայում այդտեղ նույնպես կփորձեն շինարարական աշխատանքներ սկսել:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Որոտան, Շուռնուխ գյուղերի այլընտրանքային ճանապարհներն անցանելի են բոլոր կարգի մեքենաների համար, ներկայումս իրականացվում են խճապատման աշխատանքներ, իսկ ասֆալտապատումը կիրականացվի 2022 թվականին:

«Խոտ-Որոտան-Քաշունի-Բարձրավան, Գեղանուշ-Ճակատեն հատվածներում նույնպես աշխատանքներ են իրականացվում, ժամանակի ընթացքում նաև այնտեղ այլ ճանապարհ կկառուցվի, որը կլինի արդեն հիմնական նշանակության»,-ասել է կառավարության ղեկավարը:

Հիշեցնենք՝ Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները սեպտեմբերի 9-ից տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Այդ առնչությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։ Նոյեմբերի 15-ից էլ Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածում է Ադրբեջանը սահմանային և մաքսային անցակետ տեղակայել։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի այդ որոշմանը, նշել է, որ այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին հորդորում են օգտվել Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ճանապարհից։

Лента

Рекомендуем посмотреть