Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում արխիվային փաստաթուղթ է հրապարակել, որով հաստատվում է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը Հայաստանի տարածքում է եղել դեռևս 1964 թվականին՝ որպես երկրորդ կարգի ճանապարհ։
«Ահա արխիվային այն փաստաթուղթը, որով հաստատվում է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհը Հայաստանի տարածքում է եղել դեռևս 1964 թվականին՝ որպես երկրորդ կարգի ճանապարհ։ Սա տարեք, մտցրեք վայ պաշտոնյաների աչքը, որ էլ չասեն, թե Ադրբեջանն իր տարածքում է մաքսակետ դրել։ Դավաճանությունն էլ ոնց է լինում»,-գրել է պրոֆեսորը։
Հիշեցնենք՝ Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները սեպտեմբերի 9-ից տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Այդ առնչությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։
Նոյեմբերի 15-ից էլ Կապան-Ճակատեն ճանապարհի հատվածում է Ադրբեջանը սահմանային և մաքսային անցակետ է տեղակայել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի այդ որոշմանը, նշել է, որ այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին հորդորում են օգտվել Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ճանապարհից, որը շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ։
ՀՀ Անվտանգության խորհրդի մակարդակով հայտարարվել է, թե Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածները ԽՍՀՄ-ի իրավական փաստաթղթերի համաձայն ՀՀ տարածքում չեն գտնվում։