ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ հերքելով լրատվական կայքերից մեկում հրապարակված «Տաթևի ճանապարհը կաթվածահար է» վերտառությամբ հոդվածում ներկայացված տեղեկությունն, ըստ որի՝ «ճանապարհին մի փոքր ձյուն է տեղացել, այն կաթվածահար է եղել, ավտոշարասյան ծայրը չի երևում»։
Ոստիկանությունից ընդծգում են․
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նշված ճանապարհն (Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը) անցանելի է և այդ հատվածում ճանապարհային ոստիկանությունն (ՃՈ) իրականացնում է համապատասխան ծառայություն»։
Հիշեցնենք՝ Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները սեպտեմբերի 9-ից տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Այդ առնչությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա՝ նոյեմբերի 11-ի նիստում, հայտարարել է, որ նոյեմբերի 10-ին Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բեռների նկատմամբ, ու, որ՝ ծանուցումը ստանալուց հետո որոշում են կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը:
Փաշինյանը տեղեկացրել է, որ այդ ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի գործնականում անանցանելի է եղել, ասֆալտապատվել, շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ: Ընդգծել է, որ nախորդ հինգշաբթի անձամբ է այդ ճանապարհով գնացել Կապան ու վկայում է, որ իսկապես որակյալ ճանապարհ է ստացվել։