Հայաստանից ադրբեջանական մարմիններին հուշում են՝ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապանով երթևեկող ՀՀ բնակիչներից․ Թաթոյանը՝ Գրիգորյանի հայտարարություններին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանից ադրբեջանական մարմիններին հուշում են՝ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապանով երթևեկող ՀՀ բնակիչներից․ Թաթոյանը՝ Գրիգորյանի հայտարարություններին

2021-11-11 16:56 , Право, 1300

Հայաստանից ադրբեջանական մարմիններին հուշում են՝ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապանով երթևեկող ՀՀ բնակիչներից․ Թաթոյանը՝ Գրիգորյանի հայտարարություններին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է ՀՀ անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արած հայտարարություններին։

Նշենք՝ Արմեն Գրիգորյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչի՞ հիման վրա է որոշվել, թե այն հատվածները, որտեղ ադրբեջանական սահմանակետեր են տեղադրվում, ադրբեջանական են, ասել է․

«Կա ողջամտություն և այդ ողջամտության տրամաբանությունը Խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցած սահմաններն են։ Մենք ելնում ենք այդ տրամաբանությունից։ Այսինքն, հասկանալի է, որ սահմանագծման և սահմանազատման գործընթաց մենք չենք անցել, բայց մոտավոր մենք պատկերացումն ունենք այդ սահմանի, որի հիմքը 1920-ականների քարտեզն է, և այդ քարտեզի հիման վրա մենք պատկերացնում ենք, ընդհանուր առմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որն առավել հստակեցնելու համար առաջարկել ենք, որպեսզի սահմանազատման և սահմանագծման գործընթաց անցնենք»։

Նա նաև նշել է, թե Գորիս-Կապան ճանապարահատվածը յուրահատուկ կարգավիճակ ունի ու այդ պատճառով այս պահին Ադրբեջանն ամբողջովին չի տեղեկացրել մաքսակետերի տեղակայման ընթացակարգի մասին։

«Բայց տրամաբանությունը,- նշել է ՀՀ անավտանգության խորհրդի քարտուղարը,-հուշում է, որ ընթացակարգը որոշակի վճարը կարող է լինել, և ՀՀ քաղաքացիները վճարելով՝ կարող են անցնել այդ ճանապարհահատվածով»։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն, ահա, ֆեյսբուքյան գրառմամբ նկատում է․

«Ստացվում է՝ ՀՀ-ից ադրբեջանական սահմանապահ ու մաքսային մարմիններին հուշում են, որ պետք է վճարներ գանձել Գորիս-Կապան ճանապարհով երթևեկող ՀՀ բնակիչներից ու օտարերկրացիներից կամ անել իրավունքների այլ միջամտություններ:

Բա այդ դեպքում նման հայտարարություն արած պաշտոնյան միգուցե պարզաբանի նաև, թե ադրբեջանական օրենսդրությունը վճարների ու տուրքերի ինչ չափեր է նախատեսում, ինչ իրավունքներ ունեն մարդիկ այդ գանձումների ընթացքում, վճարումները ՀՀ դրամով են արվելու, թե արտարժույթով, որն է բողոքներ ներկայացնելու կարգը ու ինչպես է նա պատրաստվում պաշտպանել քացաքացիների իրավունքները: Կամ ինչպե՞ս է կազմակերպվելու հարակից համայնքների բնակիչների կյանքը, որոնք ստացվում է՝ հայտնվելու են ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողության գոտում:

Իսկ միգուցե դելիմիտացիան ու դեմարկացիայի արդյունքում ադրբեջական իշխանությունները զրկվում էին այդ ճանապարհի նկատմամբ իրավասությունից, որովհետև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմները տալիս են այդ հնարավորությունը»։

Հիշեցնենք՝ Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները սեպտեմբերի 9-ից տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Այդ առնչությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտարարել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող «Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային, անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և բեռների նկատմամբ, ու, որ՝ ծանուցումը ստանալուց հետո որոշում են կայացրել այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին ուղղորդել դեպի Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ավտոճանապարհ և այստեղով իրականացնել երթևեկությունը:

Փաշինյանը տեղեկացրել է, որ այդ ավտոճանապարհի Տաթև-Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի գործնականում անանցանելի է եղել, ասֆալտապատվել, շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ:

Ադրբեջանի վերոնշյալ որոշմանն էլ անդրադառնալով՝ Փաշինյանը նշել է, թե ադրբեջանական անցակետը չի գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ հնարավոր հարցին, թե հնարավո՞ր չէր բանակցել, որ այդ ճանապարհին Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր, տվել է հետևյալ պատասխանը․

«Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչն անընդունելի է մեզ համար»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть