«Իրականում Հայաստանը 2 օր առաջ` մեր Կառավարությունը Արտաքին գործերի նախարարի տեղակալի մակարդակով, դիրքորոշում արտահայտել է այդ կապակցությամբ, և մեր դիրքորոշումը հետևյալն է. կցանկանամ ընդգծել, որ Կառավարության ծրագրում տարածաշրջանային համագործակցությունն ընդգծված է որպես կարևորագույն դրույթ, և մենք տարածաշրջանային համագործակցության բոլոր հնարավորություններով ի սկզբանե հետաքրքրված ենք։ Խնդիրը նրբությունների մեջ է: Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ «3+3» հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր, որոնք մենք արդեն համաձայնեցված քննարկում ենք այլ ֆորմատներով: Մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցը, և այդպես շարունակ: Այսինքն՝ եթե այդ ֆորմատը բերելու է նոր օրակարգ, փոխադարձ ընդունելի օրակարգ, ասենք, օրինակ՝ տարածաշրջանի տնտեսական տարանցման հնարավորությունների ուսումնասիրություն, այդտեղ կարող է շատ հետաքրքիր լինել, և մենք կարող ենք հետաքրքրված լինել դրանով»,-այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «3+3» ձևաչափի վերաբերյալ հարցին։
Հիշեցնենք՝ «3+3» մեխանիզմ ստեղծելու գաղափարն առաջարկել են Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները: Գաղափարն աջակցություն է գտել Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) կողմից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի ու ՌԴ մասնակցությամբ։ Վրաստանը հայտարարում է, որ դեմ է այս ձևաչափին ու առաջարկում նոր հարթակ՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան:
Օրեր առաջ էլ Հռոմում G20-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսում Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հայտարարելով, թե Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասում կայուն խաղաղության վերականգնման խնդրին, կոչ է արել այդ երկրներին համատեղ քայլ անել և տարածաշրջանում խաղաղություն հաստատել։
«Եթե կա համաձայնեցված ձևաչափ, այդ ձևաչափերի օրակարգերը մյուս ֆորմատում կամ ֆորմատներում չպետք է քննարկվեն։ Որովհետև կարող է պարզվել, որ 3+3-ը միակ առաջարկը չէ, որը մեզ հետաքրքրում է: Եվ, իհարկե, այս դիրքորոշումը մենք արտահայտել ենք և արտահայտում ենք»,- Պետրոս Ղազարյանին նախօրեին տված հարցազրույցում շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
Հավելենք՝ գործադիր մարմնի ղեկավարն այդ հարցազրույցում անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ վաղը հնարավոր համարվող եռակողմ հանդիպման մասին լուրերին, այսպես կոչված՝ «Զանգեզուրյան միջանցքի»-ի մասին առկա դիրքորոշումներին ու մի շարք այլ հարցերի։
Հարցազրույցի սղագրությունը՝ հետևյալ հղմամբ։