Այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպելու որևէ պայմանավորվածություն չկա. Փաշինյանը՝ Ալիևի և Պուտինի հետ հանդիպման մասին - RadioVan.fm

Онлайн

Այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպելու որևէ պայմանավորվածություն չկա. Փաշինյանը՝ Ալիևի և Պուտինի հետ հանդիպման մասին

2021-11-08 15:18 , Политика, 999

Այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպելու որևէ պայմանավորվածություն չկա. Փաշինյանը՝ Ալիևի և Պուտինի հետ հանդիպման մասին

«Այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա։ Նախորդ հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարարը խորհրդարանական ամբիոնից ասաց, որ կան բազմաթիվ գաղափարներ և առաջարկներ։ Մենք ընդհանրապես ասել ենք, որ մենք դեմ չենք հանդիպումներին, բայց շատ կարևոր է այդ հանդիպումների կոնտեքստը, այդ հանդիպումների սիմվոլիկան, այդ հայտարարություններից ակնկալվող պոտենցիալ արդյունքը։

Ես Ձեզ այսպիսի մի բան ասեմ՝ այնտեղ, որտեղ մենք կարող ենք արձանագրել արդյունք, մենք ոչ մի հանդիպումից չենք հրաժարվի, բայց ինքնանպատակ հանդիպումներ անելու կողմնակից չենք նաև։ Կոնկրետ նոյեմբերի 9-ի հետ կապված կարող եմ ասել, որ այս պահին այդպիսի պայմանավորվածություն չկա»,-այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այդ օրը Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի հնարավոր հանդիպման մասին լուրերին:

Ընդգծենք՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այս շաբաթ նախապատրաստվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:

Հիշեցնենք՝ վաղը՝ նոյեմբերի 9-ին, կլրանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ հայտարարության մեկ տարին․ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ Արդրբեջանի սանձազերծած պատերազմը, 44 օր տևած թեժ մարտերից ու բազում կորուստներից հետո, ավարտվեց 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ստորագրած հայտարարությամբ, որը ուժի մեջ մտավ նոյեմբերի 10-ին։

Лента

Рекомендуем посмотреть