Այսօր Արցախի Հանրապետության (ԱՀ) Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում, ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 11 հոգու աճյուն:
Այդ մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ՆԳՆ ԱԻՊԾ)՝ նշելով, որ նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում՝ հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։
Հավելենք՝ նախորդ շաբաթ՝ հոկտեմբերի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: ԱԻՊԾ-ից հայտնել էին, որ աշխատանքները վերսկսելու համար բանակցություններ են վարվում շահագրգիռ բոլոր կառույցների հետ: