Քովիդ հիվանդներին սպասարկող բուժկենտրոններին թթվածին մատակարարող այս պահին առկա 15-ից ավելի թթվածնային կայաններին միացել են նաև Ատոմային էլեկտրակայանը և Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, որոնք 24 ժամ թթվածին կարտադրեն հիվանդանոցներին թթվածնով ապահովելու համար:
Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից (ԱՆ)՝ նշելով, որ վերջին օրերին մատակարար կայանները գերծանրաբեռնված են աշխատում:
«Լարված աշխատանքի արդյունքում կայանների խափանումները վերացվել են, միաժամանակ, հիվանդանոցներում թթվածնի կարիք ունեցողների թիվն ավելանում է»,-ընդգծում են առողջապահական գերատեսչությունից:
Հիշեցնենք՝ երեկվա դրությամբ հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներից ծանր էր1088-ի վիճակը, ծայրահեղ ծանր վիճակում էր 307-ը, թոքային օդափոխության սարքերին միացված էր152 քաղաքացի: Կառավարության նիստում առողջապահության նախարարը հայտնել էր, որ հոսպիտալացված է 122 հղի, թթվածնային կախյալ են 53-ը։
Համավարակով պայմանավորված «ծայրահեղ լարված» իրավիճակից դուրս գալու նպատակով ՀՀ կառավարության ռազմավարությունն է՝ գնալ դիմակների կրման կանոնների խստացման, որի դեպքում չի բացառվում նաև բաց տարածքներում դիմակներ կրելը դառնա պարտադիր, և ընդլայնել պատվաստումների ծավալները։