Դիմակների կրումը խստացնելու ենք, բայց առավել կարևոր ուղղությունը պատվաստումներն են․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Դիմակների կրումը խստացնելու ենք, բայց առավել կարևոր ուղղությունը պատվաստումներն են․ Փաշինյան

2021-10-28 14:51 , Политика, 1087

Դիմակների կրումը խստացնելու ենք, բայց առավել կարևոր ուղղությունը պատվաստումներն են․ Փաշինյան

ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկնարկին, մինչ նիստի օրակարգի քննարկումը, ՀՀ վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակով (Covid-19) պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին։ Նա նշել է, որ համաճարակային վիճակը Հայաստանի Հանրապետությունում ծայրահեղ լարված է, ու այդ համատքստում խոսել է կառավարության ռազմավարության մասին։

«Մեր ռազմավարությունը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ չպետք է գնանք լոքդաունների և պետք է 2 ուղղությամբ աշխատենք: Առաջինը՝ դիմակների կրման կանոնների խստացումը, և չի բացառվում, որ այստեղ նոր որոշումներ կայացնենք: Ընդ որում՝ չի բացառվում, որ առաջիկայում գնանք համընդհանուր, նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը: Ինչի՞ համար: Խնդիրը ոչ թե այն է, որ բաց տարածքներում վարակելիության խնդիր կա, այլ երբ դիմակ կրելու ընդհանուր պարտադրանք կա, այդ դեպքում ավելի հեշտ է վերահսկել: Որովհետև եթե առանց դիմակի մարդ կա, նշանակում է՝ Ոստիկանության և Տեսչական մարմինների համար աշխատանքն ավելի կհեշտանա: Սա քննարկում ենք, և չեմ բացառում, որ որոշում կկայացնենք, որովհետև, ենթադրենք, շատ դեպքերում մարդը փակ տարածքում դիմակ չի կրում կամ ենթադրենք ասում է, որ դուրս էի գալիս, դրսում պետք է լինեի, դրա համար ներսում դիմակ չէի կրել և այլն:

Բայց առավել կարևոր ուղղությունը պատվաստումներն են: Մեր կառավարությանը հաջողվել է, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերների աջակցությամբ և նաև ստացած խոշոր նվիրատվությունների շնորհիվ, չնայած նվիրատվությունները չլինեին էլ, մենք պլանավորել էինք ձեռք բերել՝ մենք այսօր ունենք Հայաստանի բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար անհրաժեշտ պատվաստանյութեր, և մեր ռազմավարությունը պետք է լինի գնալ պատվաստումների ուղղությամբ»,-մանրամասնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի շուրջ քննարկման մանրամասները՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութում։

Հավելենք՝ վերջին օրերին փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր պահանջ է․ իրավապահները հսկողություն են իրականացնում հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ։ Դիմակ չկրող ուղևորները իջեցվում են տրանսպորտից, վարորդների նկատմամբ՝ վարչական պատասխանատվություն է կիրառվում։

Лента

Рекомендуем посмотреть