ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի մեկնարկին, որում ներկայացվել է Հայաստանում կորոնավիրուսային վարակով (Covid-19) պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակը, կիսվել է պատվաստումների վերաբերյալ անձնական փորձառությամբ։
Նա ընդգծել է, թե, չգիտի՝ որքանով է պատեհ կիսվել անձնական փորձառությամբ, բայց, հաշվի առնելով իրադրության ընթացիկ վիճակը, ուզում է կիսվել՝ պատասխանելու համար այն հարցին՝ որքանո՞վ է պատվաստանյութն արդյունավետ, որքանո՞վ՝ ոչ, որովհետև բանավեճ կա:
«Ուզում եմ մեր ընտանիքի օրինակի հետ կապված իրավիճակ ներկայացնել. նախկինում ասել եմ, որ մեր ընտանիքի 6 անդամներից ավագները, այսինքն՝ մենք պատվաստվել ենք, բացի երկու երեխաներից, որոնք 18 տարեկանից ցածր են: Ընտանիքի մնացած անդամներով պատվաստված ենք: Վերջերս պատահեց այնպես, որ մեր 14-ամյա դուստրը կորոնավիրուսով վարակվեց, և մենք դրա մասին իմացանք բավական ուշ՝ տեղի ունեցածից մոտավորապես մեկ շաբաթ անց: Եվ բնական է՝ 14-ամյա երեխա, ամեն օր ընտանիքում շփում, թե այդ շփումը որքան սերտ է լինում, գիտենք յուրաքանչյուրս՝ յուրաքանչյուր հայկական ընտանիքում ընդունված ավանդույթներին համապատասխան: Մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ ոք չվարակվեց կորոնավիրուսով: Չնայած, մյուս կողմից, գիտենք, որ կարող էինք նաև վարակվել, որովհետև պատվաստանյութը 100 տոկոսով չի երաշխավորում: Ընդ որում՝ մեր ընտանիքի անդամները պատվաստված են տարբեր պատվաստանյութերով, մեկ պատվաստանյութի մասին չէ, որ ասենք՝ այս մեկը վստահաբար արդյունավետ է: Այսինքն՝ մեր ընտանիքի այն անդամները, որոնք պատվաստված էին, չվարակվեցինք: Երեխան լավացավ, արդեն կորոնավիրուսն անցավ, և մենք չվարակվեցինք կորոնավիրուսով: Մենք մեր կոնկրետ օրինակով տեսանք պատվաստանյութի արդյունավետությունը: Եվ, հետևաբար, մեր ռազմավարությունն այս իրավիճակում-այսինքն՝ սրանից չենք բխեցնում, սրանից առաջ էլ էինք այդ որոշումը կայացրել, սա ուղղակի փոքր փաստ, որը համոզմունք է տալիս, որ դա ճիշտ ճանապարհ է - մենք պետք է դիմակների կրման պայմանները խստացնենք և երկրորդը՝ գնանք պատվաստումների ծավալն ընդլայնելու ճանապարհով»,-մասնավորապես, ասել է Փաշինյանը։
Նա, միաժամանակ ընդգծել է պատվաստումային գործընթացում արձանագրվող որոշ չարաշահումների և կեղծիքների մասին:
«Ցավոք, այս պահի դրությամբ, և ես սա ցավով եմ ասում՝ մենք մեկ տասնյակից ավելի բուժաշխատողներ ունենք քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված, ունենք կալանավորված անձինք, եթե չեմ սխալվում՝ 6 հոգի, պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու համար: Ամենացավալին այն է, որ մենք այդքան չարչարվում ենք, պատվաստանյութեր ենք ձեռք բերում, բայց դեպքեր ունենք, երբ թուղթը տալիս են, պատվաստանյութն ուղղակի փչացնում են, այսինքն՝ բացում են սրվակը, դատարկում են, և պետական միջոցներով ու այդքան չարչարանքների գնով ձեռք բերված պատվաստանյութերը փչացնում: Այսպիսի պրակտիկա ունենք: Բայց մենք պետք է գնանք այս ճանապարհով՝ հետևողական, անհոգնել, և դիմակների կրման կանոնները խստացնելու ճանապարհով»,-ասել է վարչապետը։