«Այս պահին Հայաստանի Հանրապետությունում մոբիլիզացված են 27 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են քովիդ-պացիենտներին: Ընդհանուր առմամբ, 3050 մահճակալ այս պահին գործնականում անընդհատ զբաղված է: Ունենք ծանր վիճակում գտնվող 1088, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 307 և թոքային օդափոխության սարքերին միացված 152 քաղաքացի: Պետք է նշեմ, որ այս շտամի առանձնահատկությունն է, որ այն թե՛ հիվանդության ընթացքի ծանրության, թե՛ վարակելիության և թե՛ տարիքային առումով, իսկապես, մեզ ավելի ու ավելի ծանր վիճակում է դնում: Ցավով արձանագրեմ, որ այս շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ, և այս պահին էլ ունենք 122 հղի կին, ովքեր հոսպիտալացված են. 53-ի մոտ առկա է թոքաբորբ և թթվածնային կախյալ են»,-տվյալներն այսօր կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով ներկայացնելով կորոնավիրուսային վարակով (Covid-19) պայմանավորված հանրապետությունում համաճարակային ընթացիկ իրավիճակը։
Նախարարի ներկայացմամբ՝ ընդհանուր առմամբ, այս պահին դրական ակտիվ դեպքերի 30 433 քաղաքացիների շրջանում պատվաստված քաղաքացիներն ընդամենը 1702-ն են, հոսպիտալացված մոտ 3100 քաղաքացիների շրջանում պատվաստվածների թիվն ընդամենը 96-ն է, վերակենդանացման բաժանմունքում գտնվող 1500 քաղաքացուց ընդամենը 5-ն է պատվաստված։
Ինչ վերաբերում է վերջին մեկ օրում արձանագրված դեպքերին, ապա, երեկ իրականացված 15 818 թեստավորման արդյունքում, 2307 դրական դեպք է հայտնաբերվել, արձանագրվել է 38 մահ, ապաքինվել է 962 քաղաքացի:
Հավելենք՝ կառավարության նիստում վարչապետն արձանագրել էր, որ Covid-19-ով պայմանավորված իրավիճակը ծայրահեղ լարված է, և կառավարության ռազմավարությունն է գնալ դիմակների կրման կանոնների խստացման, որի դեպքում չի բացառվում նաև բաց տարածքներում դիմակներ կրելը դառնա պարտադիր, և ընդլայնել պատվաստումների ծավալները։