Երևան-Գյումրի ավտոճանապարհին երեկ առավոտյան ուղևորատար «ԳԱԶԵԼ»-ի կողաշրջման հետևանքով տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից 10-ը շարունակում են բուժումը:
ՀՀ առողջապահության նախարարությունից (ԱՆ) հայտնում են, որ տուժածներից 8-ը բուժում են ստանում «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, նրանցից 2-ը բուժհաստատություն են տեղափոխվել Աշտարակի բժշկական կենտրոնից:
««Արմենիա» ՀԲԿ-ում բուժում ստացող տուժածներից 6-ն այս պահին վերակենդանացման բաժանմունքում են, 4-ի վիճակը գնահատվում է ծանր, 2-ինը` ծայրահեղ ծանր:
Մյուս 2-ը գտնվում են նեյրովիրաբուժական բաժանմունքում: Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:
Վթարից տուժած 2 քաղաքացի էլ բուժում է ստանում Գյումրի բժշկական կենտրոնում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Բոլոր տուժածներն ունեն մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ»,-մանրամասնում են առողջապահական գերատեսչությունից։
Հայտնել էինք, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ ՀՀ քննչական կոմիտից նշել էին, որ 5 անձի՝ այդ թվում «ԳԱԶԵԼ»-ի վարորդի մահվան ելքով վթարը ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների չապահովման հետևանք է եղել։