Հինգ անձի մահվան ելքով Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի առիթով հարուցվել է քրեական գործ։
Այդ մասին հայտնում է Քննչական կոմիտեն (ՔԿ)։
Նշվում է, որ այսօր՝ ժամը 07:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 59-ամյա բնակիչն իր վարած ուղևորատար «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում, ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ և կողաշրջվել, որի հետևանքով վերջինս և նույն ավտոմեքենայի չորս ուղևոր մահացել է, ևս 17-ը, տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ:
Քննչականի հաղորդմամբ՝ դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի շրջադարձային հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում չեն ապահովվել անվտանգության կանոնները։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 230-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
ՔԿ-ն նաև տեսանյութ է հրապարակել։
Նշենք՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վթարի հետևանքով հոսպիտալացվել է 13 վիրավոր։
Նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 2-ը վիրահատվել են: Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց վիճակը գնահատվել է բավարարից` միջին ծանրության:
Ավելի ուշ հաղորդվեց, որ վթարից տուժած ևս 1 անձ տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն: Նրա վիճակը գնահատվում է բավարար: