Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի՝ այսօր Մոսկվայում կայացած նիստի ընթացքում դիտարկվել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման հեռանկարները, քննարկվել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի և Ադրբեջանի նախագահի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող աշխատանքի հետագա ընթացքը։
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Մհեր Գրիգորյանը, Ալեքսեյ Օվերչուկն ու Շահին Մուստաֆաևը պայմանավորվել են մոտակա ժամանակներում անցկացնել այդ՝ թվով 8-րդ նիստի երկրորդ մասը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նշենք, անդրադառնալով այս հանդիպմանը` շեշտել էր, թե այնտեղ ներկայացվելու է իրենց մոտեցումը. այն է՝ Զանգելանում՝ բռնազավթված Կովսականում, կստեղծվի ժամանակակից լոգիստիկ և տրանսպորտային կենտրոն։
Հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ հոկտեմբերի 20-21-ը Մոսկվա է գործուղվում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը։