Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը խոսելով այլ երկրների հարցով ռուս-թուրքական հաջող համագործակցության մասին՝ անդրադարձել է նաև Արցախի թեմային։
Նա հայտարարել է, որ Արցախում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը ակտիվ և արդյունավետ է աշխատում և այն տարածաշրջանում կայունության լուրջ երաշխիք է։
«Ակտիվորեն գործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը։ Այդ համագործակցությունը կայունության և կողմերի՝ հետագա քայերի դիրքորոշումների համաձայնեցման լուրջ երաշխիք է՝ ուղղված հաշտեցմանը»,-ՏԱՍՍ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ասել է Ռուսաստանի նախագահը։
Հիշեցնենք՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին» 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունից հետո՝ Ռուսաստանը և Թուրքիան նոյեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) կրակի դադարեցման վերահսկման համատեղ կենտրոն ստեղծելու մասին հուշագիր ստորագրեցին:
Դեկտեմբերի 1-ին էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել կենտրոնի ստեղծման շուրջ՝ Ադրբեջանի տարածքում տեղակայվելիք ռուս-թուրքական համատեղ կենտրոնում անձնակազմի թիվը հավասար է լինելու:
Կենտրոնը գործում է 44 օր տևած պատերազմից հետո 2020 թվականի նոյեմբերի 20-ին թշնամուն հանձնված Աղդամի շրջանում։