Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի գերատեսչությունները սովորել են փոխզիջումներ գտնել, որոնք ձեռնտու են երկու երկրներին, թեև, ըստ նրա, բանակցությունները երբեմն հեշտ չեն:
«Բանակցությունները երբեմն բարդ են ընթանում, բայց վերջնական՝ դրական արդյունքով: Մեր գերատեսչությունները սովորել են երկու երկրների համար շահավետ փոխզիջումներ գտնել»-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանն ասել է Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը միաժամանակ նշել է, որ երկու երկրների միջև ներդրումները շարունակում են աճել․ թուրքական ներդրումները 1,5 մլրդ դոլար են կազմում, իսկ ռուսական ներդրումները թուրքական տնտեսությունում ՝ 6,5 մլրդ դոլար:
Պուտինը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կողմերն իրականացնում են խոշոր նախագծեր, որոնք, վստահեցրել է նա, ընթանում են ըստ պլանի։