«Վերելքի մեր ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն»․ Գարեգին Բ-ն ուղերձ է հղել - RadioVan.fm

Онлайн

«Վերելքի մեր ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն»․ Գարեգին Բ-ն ուղերձ է հղել

2021-09-27 14:46 , Общество, 1183

«Վերելքի մեր ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն»․ Գարեգին Բ-ն ուղերձ է հղել

Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Վեհափառի ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Այսօր, ցավը մեր հոգում, մենք հիշում ենք 44-օրյա աղետաբեր պատերազմի տագնապալի օրերը, մեր բանակի քաջարի դիմադրությունը թշնամու դավադիր հարձակմանը։ Հիշում ենք սխրանքները զինվոր ու սպա մեր զավակների, ովքեր չընկրկեցին թուրք-ադրբեջանական գերակշռող ուժերի առջև:

Պատերազմը մեծ փորձություն էր, որի պատճառած ավերները և մեր ժողովրդի առջև ծառացած լուրջ մարտահրավերները չեն կարող վճռվել ներհասարակական լարվածության ու պառակտվածության պայմաններում։ Վերելքի մեր ուղին յուրաքանչյուրիցս պահանջում է պատասխանատվության բարձր գիտակցություն և հայրենանվիրումի ոգի, համախմբում և միասնական ջանքեր՝ պաշտպանելու Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը, Հայաստանի սահմանները, հաղթահարելու պատերազմով առավել սրված սոցիալական խնդիրները։ Այս տեսլականով ջանքեր ներդնենք ազգի համախմբան, անհանդուրժողականության ու անհամերաշխության հաղթահարման։ Քրիստոնեական մեր արժեքներին հավատարմությամբ զորանանք և զորացնենք մեր պետականությունը, ազգային-հասարակական մեր կյանքը՝ ամուր պահելով հույսի, հավատի, սիրո և արդարության ուղիներում։ Մաղթում ենք, որ մեր ժողովրդին միշտ լսելի լինի հայրենիքը պաշտպանելու, միասնական լինելու պատգամը, որ թողնում են մեզ հանուն Արցախի անկախ կյանքի և հանուն մեր լուսավոր ապագայի նահատակված մեր քաջորդիները:

Ի խորոց սրտի աղոթում ենք հայրենյաց պաշտպան մեր զոհված հերոսների համար, հայցում մխիթարություն նրանց հարազատներին, ապաքինում մաղթում վիրավորներին և վերադարձ գերյալներին ու անհայտ կորածներին։ Մեր հայցնէ առ Աստված, որ Տիրոջ հանապազ օրհնությունը խաղաղության, ապահով ու անվտանգ կյանքի մեջ պահի մեր ժողովրդի զավակներին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս, այսօր և միշտ. ամեն:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար Սուրբ Գայանե վանքում կատարվել է հոգեհանգստյան արարողություն։

Նաև աղոթք բարձրացվել վիրավորում ստացածների ապաքինման և անհայտ կորածների վերադարձի համար

Նշենք՝ հոգեհանգստյան արարողություն է կատարվել նաև Անթիլիասի մայրավանքում, որից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը փոխանցել է 44-օրյա նահատակների՝ երկնքից երկիր հասնող պատգամը՝ «Թշնամու դիմաց մնացեք ամուր, անզիջող՝ հավատքով ու կամքով»։

«Ա՛յս գիտակցությամբ մեր նահատակները կռվեցին և զոհվեցին»,-շեշտել է նա։

Лента

Рекомендуем посмотреть