«Այսօր մեր ժողովուրդի զաւակները կը յիշեն Արցախեան 44-օրեայ պատերազմը՝ իր մարդկային, հողային ու նիւթական ահաւոր վնասներով եւ հոգեկան յուզումնախառն զգազումներով։ Այս տխուր առիթով մեր նայուածքները ու մտածումները կ՚ուղղենք առաջին հերթին նահատակներու ծնողներուն՝ ըսելով.-ձեր զաւակները իրենց արիւնը թափեցին հայրենիքի անվտանգութեան ու անկախութեան համար։ Ան որ այս սրբազան նպատակին համար ինքզինք կը զոհէ՝ նահատակ է եւ դուք հպարտ պէտք է ըլլաք, որ ձեր զաւակները մեր ազգին ու հայրենիքին համար դարձած են նահատակներ։ Այսօր, երբ կը յիշենք մեր նահատակները, նաեւ պէտք է լսենք երկինքէն երկիր մեզի հասնող անոնց պատգամը.- հաւատքով ու նուիրումով պաշտպան կանգնեցէ՛ք հայրենիքին, թշնամիին դիմաց մնացէ՛ք ամուր, անզիջող՝ հաւատքով ու կամքով կռանուած։ Ա՛յս գիտակցութեամբ մեր նահատակները կռուեցան ու զոհուեցան»,-այդ մասին 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ հղած ուղերձում նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը։
Նա, միաժամանակ, շեշտել է՝
«Ժողովուրդ մը իր նահատակներով կը մեծնայ, կը հզօրանայ ու կը յաւերժանայ։ Այս կի յիշեցնէ մեր ժողովուրդի դարաւոր պատմութիւնը»։
Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք նաև, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքի հողի պաշտպանության համար հերոսաբար զոհված, իրենց արյունը թափած քաջարի հայորդիների հոգիների խաղաղության համար Անթիլիասի մայրավանքում նախօրեին հոգեհանգստի արարողություն է կատարվել։
Նշենք՝ ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Ադրբեջանի կողմից մեկ տարի առաջ այս օրը սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3781 անձ։ 27.09.2021թ. դրությամբ անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ: