«ՆՓ -ն Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան որակում էր ադրբեջանաթուրքական ահաբեկչություն. այլևս ահաբեկիչ չեն՞»․ Սաղաթելյանը՝ Էրդողանին հանդիպելու Փաշինյանի առաջարկի մասին - RadioVan.fm

Онлайн

«ՆՓ -ն Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան որակում էր ադրբեջանաթուրքական ահաբեկչություն. այլևս ահաբեկիչ չեն՞»․ Սաղաթելյանը՝ Էրդողանին հանդիպելու Փաշինյանի առաջարկի մասին

2021-09-20 18:10 , Политика, 1018

«ՆՓ -ն Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան որակում էր  ադրբեջանաթուրքական ահաբեկչություն. այլևս ահաբեկիչ չեն՞»․ Սաղաթելյանը՝ Էրդողանին հանդիպելու Փաշինյանի առաջարկի մասին

«Պետք է կանխել Հայաստանի թուրքացումը»,-ահազանգում է Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ, Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Ֆեյսբուքյան իր էջում, նա, մասնավորապես, գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեկ թշնամական Թուրքիայի ղեկավարից տեղեկացանք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը միջնորդավորված կերպով նրանից հանդիպում է խնդրել։ Արհամարհելով դիվանագիտական նրբությունները՝ Էրդողանն այդ մասին հայտարարեց և ի ցույց դրեց Հայաստանի ղեկավարության նկատմամբ իր հրամայական ու անհարգալից կեցվածքը։ Հատկանշական է, որ թուրքական նախորդ նախապայմաններին արդեն հրապարակավ գումարվել է նորը՝ Սյունիքի միջով թյուրքական աշխարհն իրար կապող միջանցքի տրամադրումը։

Էրդողանի կողմից միայն այդ նախապայմանի հիշատակումը, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը բավարար հիմքեր են տալիս ենթադրելու, որ Հայաստանին պարտադրվող թուրքական այլ նախապայմանները՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը, Հայաստան-Թուրքիա ներկա սահմանի դե յուրե ընդունումը և Արցախից հրաժարումը, Հայաստանի իշխանությունները բավարարել են։

Հայաստանի՝ միակողմանիորենտարածաշրջանային խաղաղություն հաստատելու ինքնահռչակ և անհեռանկար գաղափարներով տարված իշխանությունն, իր ղեկավարով հանդերձ, ակնհայտորեն չի հասկանում, թե իրենցից ինչ են ներկայացնում պանթյուրքական անթաքույց նկրտումներով առաջնորդվող ժամանակակից Թուրքիան և դրա նախագահը, որը տարված է օսմանյան սուլթանների երբեմնի վարքով։

Բայց Էրդողանն ու մերժողովրդի թշնամիները շատ հստակ պետք է հասկանան՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին չի՛ կարելի նույնացնել հայկական պետության հետ։ Այո, հայ ժողովուրդն ապրում է իր պատմության դժվարագույն ժամանակներից մեկը, բայց դա չի նշանակում, որ հայ ժողովուրդը հրաժարվելու է իր անժամանցելի իրավունքներից և, տեղի տալով ադրբեջանաթուրքական սպառնալիքներին, հարցականի տակ է դնելու մեր պետության գոյությունը։

Մեր ժողովրդի պատմության նախորդ դարը ազգային վերածննդի բացառիկ օրինակ ու դաս է։ Կարճ ժամանակում ցեղասպանված ժողովուրդն ի զորու եղավ իր մեջքը շտկել և անհավանական ջանքերով հարյուրամյակների ընդմիջումից հետո պետություն ստեղծել, արվեստ ու մշակույթ զարգացնել, Արցախ ազատագրել։

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք համախմբված կերպով պետք է մերժենք այս՝ չարիքի իշխանության առաջ բերած կործանարար օրակարգը և կանխենք Հայաստանի թուրքացումը. սեղանին է դրված հայկական պետականության գոյության հարցը, և մենք համակերպվելու, նահանջելու իրավունք չունենք։

Հ.Գ. Հիշեցնեմ, որ պատերազմի ընթացքումՆՓ-ն Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան որակում էր ադրբեջանաթուրքական ահաբեկչություն. հետաքրքիր է ինչ փոխվեց, այլևս ահաբեկիչ չե՞ն»։

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարելիք այցից առաջ սեպտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել, բայց դրա համար, շեշտել է նա, Հայաստանը պետք է դրական քայլեր կատարի:

«Զանգեզուրի միջանցքի բացվելը քաղաքական հարց է: Դրա բացումը դրական ներդրում կունենա հայ-ադրբեջանական հարաբերություններում դժվարությունների հաղթահարման գործում»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Էրդողանը՝ շետելով, որ Վրաստանի վարչապետն իրեն փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը:

Արձագանքելով Էրդողանի այս հայտարարություններին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Արմենպրես»-ին ասել է, որ «Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի՝ իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է Ազգային ժողով-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում՝ ասելով, որ կարծում է՝ բարձր մակարդակի շփումներին պետք է նախորդեն աշխատանքային քննարկումներ, և միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում»։

«Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում՝ Հայաստանը պատրաստ կլինի նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների»,-հավելել է Մանե Գևորգյանը։

Лента

Рекомендуем посмотреть