Հայաստանի կառավարությունը պատրաստ է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսություն սկսել, եթե արդյունավետ շփումներ սկսվեն Երևանի և Անկարայի միջև: Այս մասին ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Հայաստանի վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի՝ իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է Ազգային ժողով-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում՝ ասելով, որ կարծում է՝ բարձր մակարդակի շփումներին պետք է նախորդեն աշխատանքային քննարկումներ, և միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում»,-այդ մասին «Արմենպրես» լրատվական գործակալությանն ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել:
Վարչապետի մամուլի խոսնակը միաժամանակ ընդգծել է, որ այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջեւ որևէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների:
«Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում՝ Հայաստանը պատրաստ կլինի նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների»,-հավելել է Մանե Գևորգյանը։
Անդրադառնալով հարցին էլ, թե ինչպես նա կմեկնաբանի «քաղաքական հարց է Հայաստանի տարածքով միջանցք բացելու հարց»-ի վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարությունը, Մանե Գևորգյանն ասել է․
«Վարչապետ Փաշինյանը բազմիցս արտահայտվել է այդ կապակցությամբ: Հայաստանը կարևորում է նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների ճշգրիտ իրագործումը: Կոմունիկացիաների բացումը բացառիկ կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատելու, տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար և Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվելու և արդյունքներ արձանագրելու գործում: Որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է և ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն: Միջանցքների մասին խոսակցությունը հենց այսպիսին է և հակասում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը: Այն նպատակ ունի ոչ միայն մեկուսացած պահել տարածաշրջանի պետությունները և ժողովուրդներին, այլև այդ մեկուսացմանը անշրջելի տեսք տալ: Բայց կան նաև տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը և թշնամության մթնոլորտի քայլ-առ-քայլ հաղթահարման իրական միջոց կարող են դառնալ: Հայաստանի կառավարությունը հենց նման տարբերակի կողմնակից է և հենց այդ տարբերակն է նկարագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ»:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը առաջիկա 5 տարիների գործունեության ծրագրում ամրագրել է, որ պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Ընդգծվել է՝ «առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով»։
Կառավարության օգոստոսի 27-ի նիստում էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային, հայտարարել է, թե որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից, և իրենք այդ ազդակները կգնահատեն և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանեն։