Գորիս-Կապան ճանապարհին համապատասխան անվտանգային համակարգերը կամ չեն գործում կամ գործում են խիստ խափանումներով․ այս համոզմանն է Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը։
«Գորիս-Կապան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներում, վերջին շրջանում, տեղի ունեցող միջադեպերը ցույց են տալիս, որ սահմանագծի այդ հատվածում համապատասխան անվտանգային համակարգերը կամ չեն գործում կամ գործում են խիստ խափանումներով։
Երեկ երեկոյան հայրենիք վերադարձած ՀՀ 2 քաղաքացիների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելը դեռ կուսումնասիրվի, սակայն փաստ է, որ սահմանագծի այդ հատվածում գործարկված չեն այնպիսի անվտանգային մեխանիզմներ, որոնց առկայության պայմաններում կկանխվի ինչպես առևանգման, այնպես էլ՝ մոլորվելու դեպքերը։
Միայն այլընտրանքային ճանապարհների հիմնանորոգումը խնդիր չի լուծի, այստեղ կան երևացող և չերևացող այլ հիմնահարցեր, որոնց ուղղությամբ գործող իշխանությունը լուրջ քայլեր չի իրականացնում կամ ուղղակի իրականացնելու քաղաքական կամք չունի»,-ասված է ընդդիմադիր պատգամավորի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հիշեցնենք՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) երեկ կեսօրին տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որՔասախի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Նշվել էր, որ Հայաստանի ԱԱԾ և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:Երեկ՝ կեսգիշերին մոտ, տարածած հաղորդագրությամբ ԱԱԾ-ն հայտնել է, որ նշյալ մարմինների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 19-ին, 23:45-ին, ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց։