Ադրբեջանական կողմը երեկ ուշ երեկոյան վերադարձրել է Հայաստանի Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներին։
Նշենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) երեկ կեսօրին տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ծառայությունում տեղեկություններ են ստացվել առ այն, որՔասախի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Նշվել էր, որ Հայաստանի ԱԱԾ և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Երեկ՝ կեսգիշերին մոտ, տարածած հաղորդագրությամբ ԱԱԾ-ն հայտնել է, որ նշյալ մարմինների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 19-ին, 23:45-ին, ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց։
Նշենք՝ միջադեպին անդրադառնալով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտել է․
«Մենք ինքներս պետք է ստեղծենք մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք, այսպիսի դեպքերը չեն վերանալու: Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով»: