«Մեզ համար դա անընդունելի ու դատապարտելի է, երբ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10 հազարից ավելի վիրավորներ ու հաշմանդամություն ունեցող անձինք ու այս իրավիճակում պետական պաշտոնյաները, այդ թվում՝ պատգամավորները շարունակում են պարգևավճար ստանալ»,-այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային Ժողովի (ԱԺ) փոխնախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ տրվելիք պարգևավճարներին մասին ԱԺ նախագահի որոշմանը։
«Սա մեզ համար անընդունելի է։ «Հայաստան» դաշինքի անունից հայտարարում ենք, որ մենք չենք օգտվելու այդ պարգևավճարներից, մեզ համար դա անընդունելի ու դատապարտելի է, երբ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10 հազարից ավելի վիրավորներ ու հաշմանդամություն ունեցող անձինք ու այս իրավիճակում պետական պաշտոնյաները, այդ թվում՝ պատգամավորները շարունակում են պարգևավճար ստանալ։
Մենք, հավատարիմ մնալով մեր նախընտրական ծրագրին և հայտարարություններին, այդ գումարից չենք օգտվելու և հավանաբար կա՛մ կվերադարձնենք պետական բյուջե, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնենք ծրագիր»,-ասել է Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ «Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է, առհասարակ, պարգևատրման ինստիտուտի հետ կապված բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան։
«Համարում ենք՝ այն, ինչ կատարվում է՝ առանց չափորոշիչների պարգևատրում իրականացնելը, ապօրինի գործընթաց է»,-ընդգծել է Իշխան Սաղաթելյան։
Նշենք՝ ԱԺ մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս պարգևավճարների մասին հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «խմբակցության պատգամավորները չեն կարող լինել այն ազգընտիր պատգամավորների շարքում, որոնք շարունակում են ստանալ պարգևավճարներ, ապրել սովորական կյանքով՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել»։ Հայտարարվել է, որ փոխանցված պարգևավճարները ուղղվելու են 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծմանը։