2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ծառայողների կատարած առանձնակի դաժանության փաստերը համադրելով, նրանց նույնականացնելով՝ ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանն (ՄԻՊ) ընդգծում է՝ նրանց ներկայությունը Սյունիքի համայնքային ճանապարհներին վտանգում է քաղաքացիական բնակչության անվտանգությունը։ Արման Թաթոյանն ասվածը փաստել է հոկտեմբերի 20-ին Կովսականում 61 հայ զինծառայողի հետ կատարվածով։
«Երբ Կապանից դեպի Կովսական 61 հայ զինծառայող է մեկնել, փոխհրաձգություն է տեղի ունեցել, սպանվել են հայ զինծառայողներ, մի մասը փրկվել է, մի մասը՝ գերեվարվել և բռնի անհետացել»,-ներկայացրել է Պաշտպանը՝ շետելով, որ փաստերը վկայում են, որ տեղի են ունեցել դաժանություններ ոչ միայն կենդանի անձանց, այլ նաև մարմինների մասերի նկատմամբ։
Նա ներկայացրել է լուսանկարներ, որոնցում երևում է, որ կոնկրետ կտրում են սպանված զինծառայողների ականջները։
Թաթոյանի համոզմամբ՝ այդ արարքները Ադրբեջանի սահմանապահ ծառայության ծառայողներն են իրականացրել:
«Սրանք նաև այն զինծառայողներն են, ովքեր այսօր ներկա են Սյունքի համայնքների միջև ճանապարհներին, նշվում է, որ նաև պետք է տեղակայվեն գյուղերի հարևանությամբ»,-նկատել է Պաշտպանը, որը բոլոր փաստերը մեկտեղել ու Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների իրավունքների խախտումներին, Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին նվիրված անգլերեն լեզվով արտահերթ զեկույց է հրապարակել:
Թաթոյանի փոխանցմամբ՝ առկա են նաև փաստեր, որ հայ զինծառայողներին կապել են մեքենաներին և քաշել։
«Մեր իդենտիֆիկացումն ապացուցում է, որ դա տեղի է ունեցել թուրքական արտադրության «Otokar APV» հատուկ մեքենայով, որը պատկանում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությանը»,-մանրամասնել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նշենք՝ Արման Թաթոյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսում մանրամասն ներկայացրել է արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված քաղաքացիական անձանց, զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացրած համակարգային, անմարդկային խոշտանգումների վերաբերյալ փաստեր, որոնք տեղ են գտել ՄԻՊ արտահերթ զեկույցում:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը