Թքել են սնունդի վրա ու ստիպել են ուտել, ցրտին ձեռքերը կապված վիճակում, մերկ, ստիպել են քնել գետնին. ՄԻՊ-ը՝ Բաքվում հայ գերիների խոշտանգումների փաստերով - RadioVan.fm

Онлайн

Թքել են սնունդի վրա ու ստիպել են ուտել, ցրտին ձեռքերը կապված վիճակում, մերկ, ստիպել են քնել գետնին. ՄԻՊ-ը՝ Բաքվում հայ գերիների խոշտանգումների փաստերով

2021-09-08 18:55 , Право, 1841

Թքել են սնունդի վրա ու ստիպել են ուտել, ցրտին ձեռքերը կապված վիճակում, մերկ, ստիպել են քնել գետնին. ՄԻՊ-ը՝ Բաքվում հայ գերիների խոշտանգումների փաստերով

«Ադրբեջանի կողմից գերեվարված քաղաքացիական անձինք, զինծառայողները համատարած ենթարկվել են համակարգային, անմարդկային խոշտանգման: Խոսքը ոչ միայն դիտավորյալ ֆիզիկական տառապանքի, ցավ պատճառելու, այլև հոգեկան տառապանքներ պատճառելու մասին է»,-այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը՝ ներկայացնելով փաստեր, որոնք տեղ են գտել անգլերենով կազմված արտահերթ զեկույցում, որը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը:

Պաշտպանը նշել է, որ փաստեր կան, որ հատուկ պատժի են ենթարկվել ադրբեջանցի այն զինծառայողները, հատուկ ծառայությունների ծառայողները, բանտի աշխատողները, որոնք նույնիսկ փորձել են մի փոքր լավ վերաբերվել ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց:

«Իհարկե, ամենադաժան վերաբերմունքը, պայմանները եղել են գերեվարման ժամանակ ու դրանից անմիջապես հետո, հատկապես հատուկ ծառայությունների կողմից: Խոշտանգումները, նվաստացումները և անմարդկային վերաբերմունքը եղել են լայնածավալ՝ ծաղրել են էթնիկ պատկանելությունը, նաև կրոնական իրավունքները: Բազմաթիվ են եղել դեպքերը, երբ մարդկանց զրկել են ջրից կամ սննդից։ Ջուր և սնունդ տրամադրել են բացառապես նվաստացումներից կամ դաժան ծեծից հետո։ Օրինակ՝ եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել գետնից, հետո գերիին պահելով սոված վիճակում՝ այդ սնունդը գցել են աղբարկղի մեջ։

Եղել են դեպքեր, երբ ընդամենը 10 վայրկյան են տվել ուտելու համար, դրանից հետո, անկախ նրանից՝ հասցրել է ուտել, թե ոչ, վերցրել ու գցել են աղբամանի մեջ։ Թքել են սննդի մեջ և ստիպել են ուտել այն»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

«Եղել են դեպքեր, երբ բժիշկներն են բռնություն գործադրել: Մարդու վրա եռացող ջուր կամ թեյ են լցրել, այրվածքներ են առաջացել, դրանից հետո ծեծի են ենթարկել, 21 օր չի կարողացել քայլել, 21 օր անց նոր բժշկական օգնություն է ստացել: 20-ամյա ռազմագերիներից մեկին ստիպել են հագնել կանացի հագուստ, ծաղրել են, ենթարկել են նվաստացման, հետո այդ ամենը ձայնագրել են, ստիպել են ադրբեջանական բառեր ասել, գովել ադրբեջանական իշխանություններին»,-խոշտանգումների փաստեր է ներկայացրել Պաշտպանը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիները գրեթե զրկված են եղել հիգիենիկ միջոցներից՝ օճառ, զուգարանի թուղթ ու հաճախ նրանք ստիպված են եղել իրենց կարիքները հոգալ հագուստի մասեր պատռելով:

Թաթոյանի փոխանցմամբ՝ իր հետ առանձնազրույցների ընթացքում գրեթե բոլոր գերիները նշել են՝ հենց ադրբեջանցիներն իմացել են Կարմիր խաչի կամ ռուս զինվորականների այցի մասին, սկսել են նորմալ վերաբերվել և առանձնազրույցի են ներկայացրել այն մարդկանց, որոնց նորմալ են վերաբերել կամ նախապես պատրաստել են դրան:

Եղել են դեպքեր, երբ մարդկանց շղթայված են պահել, ստիպել են արտասանել ադրբեջանական բանստեղծություններ, երգել իրենց հիմնը, գովերգել նախագահին, ովքեր հրաժարվել են՝ նրանց նկատմամբ վերաբերմունքը եղել է առավել դաժան, իսկ երբ նկարահանումներ են արվել՝ հայ գերիներին ստիպել են դրական խոսքեր ասել իրենց հանդեպ վերաբերմունքի մասին։

«Սուտ տեղեկությունների ստացման նպատակը եղել է ակնհայտ։ Օրինակ՝ զինվորներից մեկին ստիպել են տեսախցիկի առաջ ասել, որ Կովսականում եղել է հարսանիք կամ ծննդյան արարողություն, ինքը նռնակով պայթեցրել է տունը, ինչի հետևանքով մահացել է 50 ադրբեջանցի։ Եղել են դեպքեր, երբ մարդկանց շղթայված են պահել. հատուկ ձեռնաշղթաներով կապել են ջեռուցիչներին, զրկել են սննդից»,-մանրամասնել է Թաթոյանը։

Հատկապես դաժան են վերաբերվել այն զինծառայողներին, ովքեր մասնակցել են 2016 թվականի ապրիլյան պատերազմին կամ արցախյան առաջին պատերազմին։

Եղել են դեպքեր, երբ մարդկանց խոշտանգել են հանրության առաջ՝ քաղաքացիական անձանց ներգրավելով։ Օրինակ՝ հիվանդանոցներում անցնող-դարձողները թքել են ռազմագերու վրա, ծեծել, բռնություն են գործադրել, և այդ ամենն արվել է հատուկ ծառայության աշխատակցի ներկայությամբ։

«Քաղաքացիական անձանց հանդեպ նույնպես դաժան է եղել վերաբերմունքը։ Մեզ մի տարեց մարդ տեղեկացրեց, որ եղել են դեպքեր, երբ մեկ այլ քաղաքացիական անձ գերու ծեծի է ենթարկել և խոշտանգել այնքան, որ այդ մարդը խցում մահացել է և մարմինը մի քանի օր մնացել է խցում»,- ասել է Պաշտպանը։

Ասուլիսի ներկա իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ընդգծել է, որ գերիներին բանտախցերում, հանցագործների պահման պայմաններին հավասար պահելն արգելված է։

«Գերեվարման երաշխիքները սկսում են գործել ամենասկզբից: Պահանջն է, որ ռազմագերիները, գերիները պահվեին ճամբարներում, նման ճամբարներ չեն ստեղծվել։ Իրականում հենց գերեվարման սկզբնական փուլից ազատությունից կամայականորեն զրկվել են, խիստ մեկուսացված պայմաններում են պահվել բոլոր գերեվարված անձինք, ընդ որում՝ հնարավորություն չեն ունեցել արտաքին աշխարհի հետ կապը պահել, ինչը մեծացնում է խոշտանգումների կիրառման հավանականությունը և, նաև, խոշտանգման հետքերը թաքցնելու պետության հնարավորությունները»,-մանրամասնել է իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ խոշտանգումների հարցում ակտիվ ներգրավվածություն են ունեցել 3 հիմնական ինստիտուտներ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գործող Ռազմական ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայության ներքո գտնվող քննչական մեկուսարանը, Արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող մեկուսարանները։

2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին փաստերը՝ տեսանյութում։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նաև խոսել է առկա միջազգային քրեական պատասխանատվության մեխանիզմների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть