ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«ԱԺ 2021 թվականի օգոստոսի 25-ի նիստի տեսագրությունների ուսումնասիրությունը առերևույթ վկայում է ՀՀ ԱԺ առանձին պատգամավորների կողմից օրենսդիր մարմնի ներկայացուցչի վարքագծին ոչ հարիր, նիստին ներկա, ինչպես նաև դրան հետևող քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումների մասին, ինչը զուգորդվել է ինչպես անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, այնպես էլ բռնության գործադրմամբ՝ խոչընդոտելով ԱԺ բնականոն աշխատանքը:
Վերոգրյալը նկատի ունենալով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից հիշյալ տեսագրություններն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, դեպքին և դրա մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու հանձնարարությամբ»:
Հիշեցնենք՝ կառավարության առաջիկա 5 տարիների գործունեության ծրագրին հավանություն տալու մասին հարցի՝ այսօր խորհրդարանում շարունակված քննարկումը, պարբերաբար ընդմիջվել է գրանցված միջադեպերի պատճառով։ Շշերով «փոխհրաձգություն», «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի աչքի վնասում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբացության անդամ Վահագն Ալեքսանյանի կողմից «Հայաստան» խմբակցության անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին ոտքերով հարվածներ և այլն։