Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը․ հաղորդում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (ՊՆ)՝ հավելելով, որ մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) երեք զինծառայող։ Նշվում է, որ նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի քիչ ավելի ուշ։
Նշենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն առավոտ վաղ հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, այսօր՝ հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, նախահարձակ մարտական գործողություններ են սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում՝ փորձելով բարելավել իրենց հենակետերը, ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ Հաղորդվել էր, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։
Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։
11։42-ին տարածած հաղորդագրությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ, ինչը, նշվել է, տվյալ պահին հիմնականում կատարվում է։