Երասխին տիրող ուժը կարող է թելադրող լինել ոչ միայն Նախիջևանի ուղղությամբ, այլև ողջ Հարավային Կովկասում․ թուրքագետը՝ նոր պատերազմի հավանականության մասին - RadioVan.fm

Онлайн

Երասխին տիրող ուժը կարող է թելադրող լինել ոչ միայն Նախիջևանի ուղղությամբ, այլև ողջ Հարավային Կովկասում․ թուրքագետը՝ նոր պատերազմի հավանականության մասին

2021-07-20 15:44 , Политика, 1982

Երասխին տիրող ուժը կարող է թելադրող լինել ոչ միայն Նախիջևանի ուղղությամբ, այլև ողջ Հարավային Կովկասում․ թուրքագետը՝ նոր պատերազմի հավանականության մասին

«Երասխում կռիվներ են, որոնք ունակ են վերաճելու Հայաստանի դեմ նոր ու լիարժեք պատերազմի»,-այդ մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ ընդգծելով, որ Երասխը պատահական վայր չէ, այն բազմաթիվ առումներով Հայաստանի ամենառազմավարական կետերից է, որին տիրող ուժը կարող է թելադրող լինել ոչ միայն Նախիջևանի ուղղությամբ, այլև ողջ Հարավային Կովկասում։

«Պատահական չէ, որ 1990թ. մեր առաջին ինքնապաշտպանական մարտերը ընթացել են հենց այս ուղղությամբ և պսակվել հաջողությամբ։

Թե՛ առաջին պատերազմի տարիներին, թե՛ այսօր Երասխի ուղղությամբ հարձակումն անհնար է առանց Թուրքիայի գործուն մասնակցության ու ղեկավարության. այս տարածքը Թուրքիայի թիրախում է որպես տարածաշրջանում թուրքական ծավալապաշտության առաջնային ուղղություն՝ Իրանից մինչև Վրաստան ու Միջին Ասիա։ Ուստի անհնար է կարծել, որ Ադրբեջանի կողմից Երասխի ուղղությամբ հարձակման փորձերը միայն Ադրբեջանի նախաձեռնությունն են։

Այս սպառնալից իրավիճակը չէր լինի, եթե գոնե նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլիացիայից հետո Հայաստանի ղեկավարությունը ժամանակ ու ջանք թափած լիներ միավորելու իր ռեսուրսները Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերին ընդդիմացող պետությունների հետ՝ տարածաշրջանի հակաթուրքական դաշինքի անդամ դառնալով։ Դա հնարավորություն կտար համալիր ջանքերով դիմադրել թուրքական նոր ագրեսիային ու այսօր Երասխի վրա հարձակումը հնարավոր է և չլիներ։ Փոխարենը՝ Հայաստանի կապիտուլիանտ ու դե ֆակտո թուրքամետ իշխանությունը սպառնում էր ու սպառնում է սեփական քաղաքացիներին, այլ ոչ թշնամուն։

Ինչևէ, հակաթուրքական դաշինքի անդամ դառնալու համար ժամանակը սպառվում է, ինչպես որ սպառվում է մեր դիմադրության պաշարը։

ՀԳ. Նկարում Երասխի ինքնապաշտպանական մարտերում նահատակված Հայաստանի ազգային հերոս Մովսիս Գորգիսյանն է, ում խոսքերը այսօր ևս արդիական են»,-ասված է թուրքագետի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Քաղաքական մեկնաբան Էդուարդ Սարիբեկյանն էլ գրել է.

«Հայաստանի երրորդ հանրապետությունը, Արցախյան առաջին պատերազմը, հետագա ազատագրումն ու մեր ժողովրդի վերջին վերելքը սկսվեց Երասխի ճակատամարտից: Երասխը հարթեց Շուշիի ազատագրման ճանապարհը: Երասխն էր, որ հիմք դրեց հայի հավաքական դիմադրության վերածննդին, կամավորական շարժմանը և հաղթող բանակին:

Հիմա մեր թուրք իշխանություններն ու թուրք թշնամիները ցանկանում են մեզանից խլել մեր մեջքը ձիգ պահող վերջին հենակը:

Ինքնակազմակերպվել է պետք, ինչպես 31 տարի առաջ»:

Հիշեցնենք՝ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, որոնք դեռ նախորդ շաբաթվանից հակառակորդի նշանակետում են: Այս անգամ պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը:

Եվրոպական միության Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչն Տոյվո Կլաարը, անհանգստություն հայտնելով հայ – ադրբեջանական սահմանային զարգացումներով, կրկնել է զսպվածության և զինված ուժերն իրարից հեռացնելու, սահմանային խնդիրները կառուցողաբար քննարկելու իրենց կոչը։

Лента

Рекомендуем посмотреть