Վերջին 2 ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին 2 զոհ ենք ունեցել․ այսօր կառավարության նիստի սկզբում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ապակառուցողական գործողություններին և հայտարարություններին, արձանագրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին և մերձավորներին։
Նա Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊԿ) գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն է հրավիրել այս փաստի վրա:
Հիշեցնենք՝ մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի ծառայողները ապօրինաբար հատել են ՀՀ պետական սահմանը և կիլոմետրերով խորացել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային հատվածներում։ Մի շարք միջադեպերից զատ՝ հակառակորդի զինուժի արձակած կրակոցներից նաև 2 հայ զինծառայող է զոհվել․ մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1989 թ. ծնված պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը։
Երեկ էլ՝ հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը:
Այսօր Փաշինյանը նաև ընդգծել է, որ տարածաշրջանային կայունության և փոխվստահության հաստատմանը խոչընդոտող հաջորդ կարևոր գործոնն այն փաստն է, որ ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանը մինչև օրս չի վերադարձրել մեր բոլոր ռազմագերիներին:
«Ամեն դեպքում՝ միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչև օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերիների: Մենք շարունակելու ենք աշխատել մեր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման սահմանների սահմանագծման և սահմանազատման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են կան և լինելու են մեր առաջնահերթությունների շարքում»,-ընդգծել է Փաշինյանը:
Հավելենք՝ Փաշինյանը նաև նշել է, որ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է և խորընդոտում է սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին, մինչդեռ, իրականությունն, ըստ վարչապետի պաշտոնակատարի, ուղիղ հակառակն է՝ Ադրբեջանն է դեմ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին, որովհետև ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածի մի շարք տեղանքներում։
Փաշինյանը նաև անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների հայտարարություններին, թե Հայաստանը պատրաստ չէ ստորագրել խաղաղության պայմանագիր։ Նա, նշելով, Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղության պայմանագրին, ասել է, որ Հայաստանն արդեն մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ապրիլի 13-ի հայտարարությունը, որը, Փաշինյանի գնահատմամբ, ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ։