«Այդ Ադրբեջանն է դեմ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին․ նպատակն է՝ շարունակել ՀՀ շրջափակման 30-ամյա քաղաքականությունը»․ Փաշինյանը՝ «ուղիղ հակառակ» իրականության մասին - RadioVan.fm

Онлайн

«Այդ Ադրբեջանն է դեմ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին․ նպատակն է՝ շարունակել ՀՀ շրջափակման 30-ամյա քաղաքականությունը»․ Փաշինյանը՝ «ուղիղ հակառակ» իրականության մասին

2021-07-15 14:43 , Политика, 1183

«Այդ Ադրբեջանն է դեմ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին․ նպատակն է՝ շարունակել ՀՀ շրջափակման 30-ամյա քաղաքականությունը»․ Փաշինյանը՝ «ուղիղ հակառակ» իրականության մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ սահմանային իրավիճակին ու ընդգծեց, որ ի հեճուկս միջազգային ասպարեզում արվող խաղաղասիրական հայտարարությունների՝ Ադրբեջանն անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում խաղաղությունը խոչընդոտելու համար:

««Քաղաքացիական պայմանագիր»կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ դարաշրջան բացելու մանդատ: Մանդատը ստացել է ՀՀ քաղաքացիներից: Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տևական խաղաղության հաստատում:

Խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն, տեղի ունեցավ և տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք՝ ասելով, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը, ի հեճուկս միջազգային ասպարեզում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար: Եւ սա անելու է մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալով, թե Հայաստանը և Արցախը, իբր, դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման ու սահմանագծման գործընթացներին, և այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ է ստեղծելու, ինչի դրսևորումները նաև տեսնում ենք վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաև վերջին ամիսներին»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի գործողությունները միտված են թույլ չտալու տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը:

«Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական և արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, և Ադրբեջանի անհասկանալի հայտարարությունները, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի և, որ առավել կարևոր է, հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է, թե ինչ է նշանակում և ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը: Իմ մեկնաբանությունը միանշանակ է՝ Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար: Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանի նպատակն է շարունակել Հայաստանի շրջափակման շուրջ 30-ամյա գործընթացը, քաղաքականությունը: Բայց մենք առանց սեթևեթելու շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում՝ Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ, և ռուսաստանցի մեր գործընկերների, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այսինքն՝ ՀՀ ապաշրջափակմանը»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է և խորընդոտում է սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին։ Իրականությունն, ըստ վարչապետի պաշտոնակատարի, ուղիղ հակառակն է։

«Այդ Ադրբեջանն է դեմ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին, որովհետև ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ՝ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածի մի շարք տեղանքներում։ Ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Հայաստանը հստակ արտահայտել են այս հարցի վերաբերյալ իրենց դիրքրոշումը՝

-տվյալ տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերում,

-սահմանագծից և Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հայելային ետքաշում մշտական տեղակայման վայրեր,

-սահմանագծի երկայնքով ռուս սահմանապահների և/կամ միջազգային դիտորդների տեղեկայում,

-միջազգային հովանու ներքո սահմանազատման և սահմանագծման աշխատանքների նախապատրաստություն և մեկնարկ»,-մանրամասնեց Փաշինյանը՝ նշելով, որ այս առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ և իրենք ռուսաստանցի գործընկերների հետ աշխատում են այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել այս առաջարկին։

Փաշինյանի ելույթի մասնրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանային խնդրի լուծման առաջարկը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրապարակային հնչեցրել է դեռ մայիսի 25-ին՝ Անվտանգության խորհրդի (ԱԽ) արտահերթ նիստում:

Лента

Рекомендуем посмотреть