Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցություններն (ԱՀ ԱԺ) այսօր հայտարարություն են տարածել 2021 թվականի հուլիսի 10-ին Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների օկուպացված տարածքներ այցի կապակցությամբ։
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․
«Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմից հետո միջազգային իրավունքի և, մասնավորապես, միջազգային հումանիտար իրավունքի ոտնահարմամբ շարունակվում են թշնամական գործողությունները հայկական պատմական, մշակութային և հոգևոր արժեքների հանդեպ: Եվ այս ամենը ոչ միայն չի դատապարտվում միջազգային կառույցների և առանձին երկրների կողմից, այլև կատարվում է հակառակը. պաշտոնական Բաքուն ոչ մի ջանք չի խնայում այդ նույն կառույցների ու երկրների ներկայացուցիչներին մասնակից և հանցակից դարձնել իր զավթողական ու հակամարդկային գործողություններին:
Այս խորապատկերի վրա պետք է դիտարկել նաև 2021թ. հուլիսի 10-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ բեմականացված նկարահանումները Շուշիում:
Խստորեն դատապարտում ենք նմանօրինակ գործելաոճը: Դրանով Ադրբեջանը փորձում է Արցախի Հանրապետության նկատմամբ ագրեսիվ զավթողական ծրագրի իրագործման աջակիցների շրջանակ ձևավորել: 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի և միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ զավթել է Արցախի Հանրապետության մեծ մասը, այդ թվում նաև հայ ժողովրդի մշակութային և հոգևոր կենտրոն Շուշի քաղաքը:
Միջազգային հանրության կողմից Թուրքիայի նախագահի՝ Շուշի այցելությունը չդատապարտելը Ադրբեջանի իշխանություններին մղեց նոր սադրիչ գործողությունների, որին հետևեց Բաքվում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների այցը Շուշի: Պատմական իրողությունների այսկերպ աղավաղումը և նման մեթոդներով հակամարտության էության խեղաթյուրումը համարում ենք հակամարտության խաղաղ կարգավորման խաթարմանն ուղղված քայլ, որը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները:
Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մերժողական կեցվածքն այդ բեմադրության նկատմամբ՝ կոչ ենք անում դատապարտել նմանօրինակ սադրիչ գործողությունները և քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի բնակչության ազատ ապրելու իրավունքի ամրագրման ուղղությամբ»:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ՝ Բաքվում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններից 46-ի դեսպաններն ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները հուլիսի 9-10-ը Ադրբեջանի կառավարության հրավերով այցելել են Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ, այդ թվում՝ հայոց բերդաքաղաք Շուշի:
Մինչդեռ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները, թեև հրավիրված են եղել, սակայն մերժել են Ալիևի հրավերը:
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեդ Հաջիևը տեղի ունեցածն անվանել էր «դեմարշ»՝ երեք գերտերություններին մեղադրելով «հայամետ» դիրքորոշման մեջ։
Իսկ թե ի՞նչ շարժառիթներով են Ադրբեջանում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի դեսպանները մերժել Բաքվում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը՝ ադրբեջանական լրատվամիջոցի հարցումներին ի պատասխան ասվել է, որ դեսպանությունները չեն մեկնաբանում դեսպանների ժամանակացույցին վերաբերվող մանրամասներ։
Ադրբեջանի նախաձեռնությունը խստագույնս դատապարտող հատարարությամբ է հանդես եկել Արցախի արտաքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից զավթված Արցախի Հանրապետության տարածքները՝ Շուշի քաղաքը ներառյալ, միջազգային իրավունքի նորմերի համաձայն ժամանակավորապես օկուպացված տարածքներ են։ Կոչ է արվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին բանակցային գործընթացի վերսկսմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման նպատակով։