Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը, ի պատասխան դեսպան Էրլ Լիցենբերգերին ուղղված ադրբեջանական լրատվամիջոցի հարցման, մեկնաբանել է, թե ինչու է նա մերժել «ազատագրված» Շուշի այցելելու կառավարության հրավերը։
ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ չեն մեկնաբանում դեսպանի ժամանակացույցի հետ կապված մանրամասները կամ այն պատճառները, թե ինչու նա չի կարող ներկա լինել որոշակի միջոցառումների:
«Ցանկանում ենք նշել, որ ուրբաթ օրը Բաքվում եղել են մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ովքեր չեն կարողացել մեկնել Ֆիզուլի և Շուշի»,-միաժամանակ շեշտել են ԱՄՆ դեսպանությունից։
Լրատվամիջոցը նաև հետաքրքրվել է, թե ԱՄՆ-ը տարբեր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ, ինչու՞ են Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հարցում համահունչ գործում Ռուսաստանի համախմբված դիրքորոշման հետ։
«ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել է 2014 թվականին Ուկրաինայի տարածքը գրավելու, կիբեր վնասակար գործողությունների և հակաահաբեկչական գործողությունների, մարդկանց առևտրի, զենքի տարածման և այլ վնասակար գործողությունների համար:
ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ առճակատում չի փնտրում: Մենք անհամբեր սպասում ենք այն օրվան, երբ Ռուսաստանը կվերադառնա միջազգային պարտավորությունների կանոնների վրա հիմնված մոդելի, որը մեզ հնարավորություն կտա կառուցել ավելի կայուն և կանխատեսելի երկկողմ հարաբերություններ»,-ադրբեջանական լրատվամիջոցին պատասխանել են Բաքվում Ամերիկայի դեսպանությունից՝ հավելելով, որ, որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահ երկրներ, ԱՄՆ-ը չի բացառում Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ երկկողմ և գլոբալ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ինչպիսիք են պատժամիջոցները, զենքի կրճատումը և կլիմայի փոփոխությունը:
Նշենք՝ հարցումներ են ուղարկվել նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպաններին՝ հասկանալու, թե Բաքվում այդ երկրների դիվանագիտական կորպուսների ղեկավարներն ի՞նչ շարժառիթներով են մերժել Շուշի այցելելու Ադրբեջանի կառավարության հրավերը։
«Դեսպանությունը չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցը»,-դեսպան Զաքարի Գրոսին ուղղված նամակին ի պատասխան՝ ընդգծել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը։
Կայքը գրում է, որ մնում է սպասել Ռուսաստանի դեսպանի պատասխանին։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ՝ Բաքվում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններից 46-ի դեսպաններն ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները հուլիսի 9-10-ը Ադրբեջանի կառավարության հրավերով այցելել են Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական զինուժի կողմից օկուպացված տարածքներ, այդ թվում՝ հայոց բերդաքաղաք Շուշի:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները, թեև հրավիրված են եղել, սակայն մերժել են Ալիևի հրավերը:
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեդ Հաջիևը տեղի ունեցածն անվանել էր «դեմարշ»՝ երեք գերտերություններին մեղադրելով «հայամետ» դիրքորոշման մեջ։
Ի դեպ, ինչպես հայտնում է Greek City Times պարբերականը ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական Շուշի քաղաք՝ Բաքվում Հունաստանի դեսպան Նիկոս Պիպերիգոսի այցն էլ առաջացրել է հույների դժգոհությունը։ Հոդվածագիրը, հիշեցնելով, որ անցյալ տարի դեսպանի հավատարմագրերի հանձնման ժամանակ Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն ասել էր, որ միշտ աջակցելու են Թուրքիային Արևելյան Միջերկրականում հունական ծովային իրավունքները զավթելու հարցում, գրում է, որ չնայած սրան, դեսպանը միացել է Ադրբեջանի քարոզչական արշավին։
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Թուրքիայի հովանավորությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ ներխուժումը հանգեցրեց սարսափելի պատերազմական հանցագործությունների, ինչպիսիք են գլխատումները, սպիտակ ֆոսֆորի օգտագործումը, եկեղեցիների դիտավորյալ թիրախավորումը, նույնիսկ լրագրողների նկատմամբ հարձակումները։
Պարբերականը նաև հիշեցնում է, որ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն ամենաբարձր մակարդակի օտարերկրյա պաշտոնյան էր, որն այցելել է Հայաստան 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում։ Հույն հասարակությունն, ըստ պարբերականի, այժմ վրդովված է, որ դեսպանը միացել է ադրբեջանական ռեժիմի կողմից կազմակերպված քարոզչական շրջագայությանը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը