ՀՀ կառավարությունն այսօրվա արտահերթ նիստում ներառել է Հայկ Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնին ՔԿ նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանին նշանակելու մասին որոշումների նախագծերը:
Այս պահին կառավարության՝ էլեկտրոնային կառավարման կայքում զետեղված է միայն Քյարամյանին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատելու մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումը։
Հիշեցնենք՝ Քյարամյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2020-ի դեկտեմբերի 24-ին։
Մինչ այդ, ՀՀ-ում 2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, Արգիշտի Քյարամյանը 2019 թվականի մարտի 1-ից եղել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի օգնական։ Նույն թվականի ապրիլի 10-ից մինչև 2020 թվականի մայիսի 4-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ՝ նշանակումից 5 օր անց սկսելով համատեղել պաշտոնը ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի հետ։ Մայիսի 5-ին Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ Ընդամենը երկու օրում Քյարամյանը նախ ազատվեց ՊՎԾ պետի պաշտոնից, ապա նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Նա ժամեր անց ազատվեց ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից, ստացավ գնդապետի կոչում ու զբաղեցրեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։ Հունիսի 8-ից մինչև հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Քյարամյանը ղեկավարել է ԱԱԾ-ն։