ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մի շարք կարևոր որոշումներ» է կայացրել:
Այդ մասին գործադիրը հայտնում է ֆեյսբուքյան գրառմամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի հայրենակիցներ, մի շարք կարեւոր որոշումներ եմ կայացրել: Ըստ այդմ՝
Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:
Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:
Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:
Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկության հիման վրա ստորագրել է Արգիշտի Քյարամյանին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու ու ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին հրամանագրերը:
Նախագահի ստորագրած այլ հրամանագրերով՝ Արման Սարգսյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում կփոխարինի Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատված Վահե Ղազարյանը:
Նախագահի հրամանագրերով՝ Արտակ Դավթյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետի պաշտոնից: Նրան այդ պաշտոնում՝ 5 տարի ժամկետով, կփոխարինի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանը: