Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (CSR), հիմք ընդունելով ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված, անհետ կորած, գերեվարված և գերությունից վերադարձած Արցախի Հանրապետության (ԱՀ) քաղաքացի հանդիսացող անձանց վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հրապարակած տվյալները՝ արձանագրել է՝ դրանք փաստեր են ընդդեմ «Պատերազմում ոչ մի ղարաբաղցի չի զոհվել» կեղծիքի։
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասված է․
«Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հրապարակել է տվյալներ, համաձայն որոնց` 2020 թ. ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության 750 քաղաքացի։
Եկեք մի փոքր հաշվենք։
ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2020 թ․ հունվարի 1-ի դրությամբ եղել է 2 959 700, Արցախի մշտական բնակչության թվաքանակը՝ 148 800։
Թե քանի ՀՀ քաղաքացի է զոհվել 44-օրյա պատերազմում, հայտնի չէ․ իշխանությունները մեր զոհերի թիվը թաքցնում են։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ պատերազմի ընթացքում զոհվել է 5000-7000 ՀՀ քաղաքացի։ Եթե անգամ համարենք, որ 5000-7000 զոհերը եղել են բացառապես ՀՀ քաղաքացիներ, ապա տոկոսային հարաբերությամբ դա կազմում է ՀՀ ընդհանուր բնակչության 0,17-0,24%-ը։
Արցախի պարագայում ստացվում է՝ զոհվել է բնակչության 0,5%-ը, այսինքն՝ Արցախում զոհերն ընդհանուր բնակչության թվի համեմատ եղել են 2-3 անգամ ավելի, քան ՀՀ-ում։ Կամ այլ կերպ՝ պատերազմի ընթացքում զոհվել է յուրաքանչյուր 592/423 ՀՀ քաղաքացուց 1-ը, իսկ Արցախում 198-ից 1-ը»։