Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի (ԱՀ ՄԻՊ) 2020թ․ սեպտեմբերի 27-ին մեկնարկած փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել է Արցախի Հանրապետության 750 քաղաքացի, որից 81-ը քաղաքացիական անձինք են, 42-ը՝ ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների, ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների հետևանքով, 39-ը՝ ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի կիրառմամբ։
Հաշվի առնելով իրեն ուղղված հարցումները՝ տվյալները հրապարակել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ պարզաբանելով, որ զոհված զինծառայողների թիվը ընդգրկում է այն անձանց, որոնց վերաբերյալ տվյալները փոխանցվել են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ։
«Վիրավորում է ստացել 163 քաղաքացիական անձ։ Վիրավորում ստացած զինծառայողների հստակ թիվը այս պահին մեզ մոտ առկա չէ։
Հաստատված տվյալներով՝ Արցախի Հանրապետությունից 83 անձ համարվում է անհետ կորած, որից 23-ը քաղաքացիական անձինք են։
Գերեվարված և գերությունից վերադարձած 103 անձանցից 23-ը Արցախի Հանրապետության քաղաքացիներ են»,-տեղեկացրել է Արցախի օմբուդսմենը։