Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ( ԱՀ ԱԳՆ) ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասված է․
«ԱՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումը։
Նահանգի Սենատում ընդունված համապատասխան բանաձևում դատապարտվում են 1915 թվականի Ցեղասպանությունը, տասնամյակներ շարունակվող Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը՝ դրանք փաստորեն դիտարկելով որպես մեկ ցեղասպան քաղաքականության բաղադրիչներ։
Փաստաթուղթը հանդիսանում է բարոյականության, մարդասիրության և քաղաքական ազնվության օրինակելի դրսևորում. արժեքներ, որոնք տևական և կայուն խաղաղության կարևորագույն գրավականներն են։
Երախտագիտություն ենք հայտնում Նյու Ջերսի նահանգի հանրությանը, օրենսդիր մարմնին, Սփյուռքի կառույցներին և ամերիկահայ համայնքին՝ արդարության համար մղվող պայքարում ցուցաբերած նվիրվածության ու վճռականության համար»։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն ու տարածքային ամբողջականության վերականգնումը Արցախի իշխանությունների համար առաջնահերթություն են մնում․ այդ մասին երեկ՝ Արցախի խորհրդարանում հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը։