Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, համագործակցաբար Վաշինգտոնում տեղակայված Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի հետ, ևս 7 հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով «ժամանակավոր միջոց կիրառել» 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով գերեվարված հայ զինծառայողների գործերով։
«Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին այդպիսին չճանաչելու շարունակական քաղաքականությունը մարդկային կյանքի նկատմամբ այլասերված վերաբերմունքի օրինակ է: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը դադարի քաջալերել բռնապետ Ալիևին և պահանջի, որպեսզի Ադրբեջանը կատարի 1949թ. ընդունված Ժնևյան կոնվենցիայիպարտավորությունները»,- ընդգծում է Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնի ղեկավար, Հայ դատի երկարամյա գործիչ Քեն Խաչիկյանը։
«Ժամանակավոր միջոց» կիրառելու համար հայ գերիների մասին շարունակական վկայություններ հավաքագրելով՝ հիշյալ կենտրոնների դիմումները ՄԻԵԴ-ին առաջին քայլն է` ստիպելու Ադրբեջանին՝ որպես այդպիսին ճանաչել հայ ռազմագերիներին։ Դա նաև հնարավորություն կտա միջազգային մարդասիրական կազմակերպություններին, հատկապես՝ Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը, մուտք գործելու գերեվարված անձանց մոտ։
Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ Երևանում և Վաշինգտոնում տեղակայված երկու իրավապաշտպան կազմակերպությունների համագործակցության արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել շուրջ 100 հայ ռազմագերիների վերաբերյալ գործեր։ Վերջերս, նույն համագործակցությամբ, հնարավոր էր եղել տեղեկություններ հավաքել Ադրբեջանի կողմից պահվող շուրջ 90 հայ գերիների վերաբերյալ։
Իրավապաշտպան կենտրոնները շարունակելու են հետամուտ լինել շուրջ հարյուր հայ գերիների ազատ արձակմանն ու նրանց կյանքի իրավունքի պաշտպանությանը։
Հիշեցնենք՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո մինչ այժմ Ադրբեջանի բանտերից Հայաստան է վերադարձվել 89 գերեվարված անձ, որոնցից 6-ը գերեվարված է եղել մինչ 2020 թվականի պատերազմը, հաստատված գերիների թիվը 60-ն է և կա վարկած ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ․ տվյալները հրապարակել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հունիսի 17-ի երեկոյան Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում վարչապետերի թեկնածուների բանավեճի ժամանակ։