Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը մերժել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու առաջարկը:
Ազգային-Ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Ազգային-Ժողովրդավարական Բևեռը առաջարկ է ստացել Նիկոլ Փաշինյանից` որպես ընտրություններին մասնակցած ուժ, ի դեմս Բևեռի ցուցակի առաջին համար, վարչապետի նախկին թեկնածու Վահե Գասպարյանի՝ իր հետ հանդիպելու։
Առաջարկը պաշտոնապես փոխանցել է նրա խորհրդական Արայիկ Հարությունյանը։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը մերժել է հանդիպման առաջարկը։
Բևեռը նպատակահարմար չի համարում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել»։
Հիշեցնենք՝ հունիսի 20-ին կայացած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ բոլոր՝ 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքներով մասնակից 25 քաղաքական ուժերից առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է: Այն ստացել է 687 251 քվե/53,92%:
Փաշինյանը, հայտարարելով, որ «նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն»՝ նշել էր, որ պետք է զբաղվեն ազգային և հանրային միասնությունը վերականգնելու խնդրով և առաջին օրերից քաղաքական կոնսուլտացիաներ կսկսեն ընտրություններին մասնակցած «բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու համար նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման հետագա հնարավորությունների մասին»:
Քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Փաշինյանն այսօր արդեն հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանի, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը ղեկավարած Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ, այնուհետ հաղորդվեց նաև «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Սուրեն Սահակյանի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումների մասին: