Արցախի Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանն այցելել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հացադուլ հայտարարած անձանց։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Երեկ երեկոյան և այսօր կեսօրին այցելել եմ Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հացադուլ հայտարարած քաղաքացիներ Դավիթ Ավանեսյանին և Մերի Դավթյանին։
Հետաքրքրվել եմ նրանց առողջական վիճակով և տեղեկացել, որ առավոտյան նրանց են այցելել բժիշկները: Մ.Դավթյանն ու Դ.Ավանեսյանը հավաստիացրել են, որ առողջական խնդիրներ չունեն և ինքնազգացողության վատթարացման նշաններ չկան:
Քննարկվել են արևահարումից խուսափելու համար հացադուլի անցկացման վայրը փոխելու նպատակահարմարության հարցը, ինչպես նաև ներկայացված պահանջների շուրջ իշխանությունների հետ երկխոսության հնարավորությունները։
Ձեռք է բերվել պարբերաբար հանդիպելու և անհրաժեշտության դեպքում նրանց կողմից ներկայացվող խնդիրները իշխանության մարմիններին մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ փոխանցելու պայմանավորվածություն»։
Մեկ այլ հայտարարությամբ էլ Արցախի ՄԻՊ-ը, անդրադառնալով լուրերին, ըստ որոնց այսօր՝ 18։00-ին, և 19։00-ին «Վերածնունդ»-ի հրապարակում ուղերձով հանդես է գալու Արցախի նախագահը, և հանրահավաք են կազմակերպելու նրա ընդդիմախոսները, զսպվածության կոչ է արել՝ անընդունելի համարելով արցախյան հասարակությունը պառակտելու և հակադիր բևեռների բաժանելու բոլոր փորձերը, անկախ դրանց հեղինակներից:
Հայտնել էին, որ արցախցիները երեկ հավաքվել են «Վերածնունդ»-ի հրապարակում՝ պահանջելով նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Դժգոհության ալիքը բարձրացել է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության գրասենյակ Արայիկ Հարությունյանի այցից հետո։ Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանը նաև շնորհավորել է ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունում տարած հաջողության համար։ Ինքը՝ Հարությունյանը, ստեղծված լարվածության ֆոնին հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգա ուղերձով։
Ավելի վաղ էլ, հիշեցնենք, հետպատերազմյա իրողությունների ֆոնին Արցախի նախագահի հրաժարականն էին պահանջել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի (ԱՀ ԱԺ) 5 խմբակցություններից 3-ը՝ «Արդարություն»-ը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն»-ը և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»-ը։ Ընդգծվել էր, որ Արցախի Հանրապետության նախագահի և նրա ենթակայության տակ գործող իշխանավորների պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում ստեղծվել էմի միջավայր, որում իշխում է սուտը, վիրավորանքը, զրպարտությունը, հանրության բաժանումը «յուրայինների» և «ոչ յուրայինների»։