Արցախցիները պահանջում են նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Դժգոհության ալիքը բարձրացել է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության գրասենյակ Արայիկ Հարությունյանի այցից հետո։ Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանը նաև շնորհավորել է ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունում տարած հաջողության համար։
Արայիկ Հայրությունյանը ստեղծված լարվածության ֆոնին հայտարարություն է տարածել՝տեղեկացնելով, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգա ուղերձով։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հաշվի առնելով այս օրերին Արցախում ձևավորված ներքաղաքական լարվածությունը և վերջին ամիսներին կուտակված հարցերը՝ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդես կգամ ուղերձով:
Բոլորին հրավիրում եմ ներկա գտնվել այսօրվա հանրահավաքին. ելույթս կսկսեմ ժամը 18:00-ին: Պատրաստվում եմ բաց ու անկեղծ խոսել բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ:
Ցավում եմ, որ այս հեղհեղուկ իրավիճակում ողջախոհությունը լքում է շատերին՝ առանց ընկալելու իրավիճակի լրջությունը Արցախի ապագայի համար: Անկախ իմ հանդեպ ոմանց վերաբերմունքից՝ ես այս ծանր իրավիճակում պատասխանատվություն եմ կրում Արցախի բոլոր քաղաքացիների համար:
Սպասում եմ բոլորիդ...»,-ասված է Արայիկ Հարությունյանի հայտարարությունում։