Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանն շնորհավորել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը երեկ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին առավելագույն ձայներ ձեռք բերելու համար։
«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ու իր կուսակցությանը, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ավարտին ձեռք բերեցին մեծամասնություն և կառավարություն կազմելու իրավունք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Փայլանը։
Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ)՝ հունիսի 20-ին կայացած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրության համաձայն՝ բոլոր՝ 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքներով, առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 687 251 ձայնով, կամ քվեների 53,92%-ով:
Փաշինյանը հայտարարել է՝ «նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն»։