«Հավատում ենք, որ Հայաստանի նոր կառավարությունը ճիշտ հետևություններ կանի՝ վերլուծելով առկա ճգնաժամի պատճառները»․ Բայրամով - RadioVan.fm

Онлайн

«Հավատում ենք, որ Հայաստանի նոր կառավարությունը ճիշտ հետևություններ կանի՝ վերլուծելով առկա ճգնաժամի պատճառները»․ Բայրամով

2021-06-21 16:28 , Политика, 980

«Հավատում ենք, որ Հայաստանի նոր կառավարությունը ճիշտ հետևություններ կանի՝ վերլուծելով առկա ճգնաժամի պատճառները»․ Բայրամով

«Ինչպես գիտեք, երեկ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ակնկալվում է կառավարության ձևավորում: Հավատում ենք, որ Հայաստանի նոր կառավարությունը ճիշտ հետևություններ կանի՝ վերլուծելով առկա ճգնաժամի պատճառները»,-այդ մասին այսօր, Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ անդրադառնալով երեկ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովը համոզմունք է հայտնել, թե «Հայաստանում ծագած ճգնաժամի պատճառը ոչ թե պատերազմում կրած պարտությունն է, այլ ագրեսիայի այն քաղաքականությունը, որ վարում էր Հայաստանը տասնամյակների ընթացքում՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը, ուժ կիրառելով և փոխելով միջազգայնորեն ճանաչված սահմանները»։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, միաժամանակ, ընդգծել է՝

«Ելնելով միջազգային իրավունքի նորմերից և սկզբունքներից, Ադրբեջանը կողմ է հարաբերությունների վերականգնմանը՝ անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»։

«Որոշում կայացնողը Հայաստանն է»,-հայտարարել է Բայրամովը։

Հիշեցնենք՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ստորագրել էհունիսի 20-ին կայացած ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը, որի համաձայն՝ բոլոր՝ 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքներով առաջատարը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 687 251 ձայնով, կամ քվեների 53,92%-ով:

Փաշինյանը հայտարարել է, որ «նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն»։ Նա նաև նշել է, որ պետք է զբաղվեն ազգային և հանրային միասնությունը վերականգնելու խնդրով և առաջին օրերից քաղաքական կոնսուլտացիաներ կսկսեն ընտրություններին մասնակցած «բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու համար նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման հետագա հնարավորությունների մասին»:

Лента

Рекомендуем посмотреть