Զինծառայողների ուղղորդումների մասին պնդումներն այդ տեսանյութերի հեղինակների ենթադրություններն են․ ՀՀ ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Զինծառայողների ուղղորդումների մասին պնդումներն այդ տեսանյութերի հեղինակների ենթադրություններն են․ ՀՀ ՊՆ

2021-06-20 16:30 , Политика, 1062

Զինծառայողների ուղղորդումների մասին պնդումներն այդ տեսանյութերի հեղինակների ենթադրություններն են․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) անդրադառնալով այսօր ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում զինծառայողների՝ հրամանատարների կողմից որոշակի քաղաքական ուժի օգտին քվեարկելու ուղղորդումների վերաբերյալ սոցիալական ցանցերում և մի շարք լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկություններին՝ հայտնում է

«Նմանօրինակ բոլոր տեղեկությունները պաշտպանության նախարարությունում մանրամասն ուսումնասիրության են ենթարկվում։ Առ այս պահը եղած հրապարակումներում առկա պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Ակնհայտ է, որ ուղղորդումների մասին պնդումները հիմնվում են բացառապես զինծառայողներին ընտրական տեղամասեր համակարգված կերպով բերելու փաստի վրա, իսկ հրապարակումներին կից տեսանյութերն ասվածի վկայությունն են. այդ տեսանյութերում ընդամենը պատկերված են ընտրական տեղամասերի մոտ գտնվող զինծառայողներ, իսկ ուղղորդումների մասին պնդումներն այդ տեսանյութերի հեղինակների ենթադրություններն են, որոնք զուրկ են որևէ հիմնավոր փաստարկից։

Ավելին, այս պահին առկա՝ ուղղորդումների վերաբերյալ հրապարակումներում նշված ընտրատեղամասերում, ընտրական հանձնաժողովների կողմից, զինծառայողների քվեարկության հետ կապված խախտումներ չեն արձանագրվել։

Հարկ ենք համարում նշել, որ ժամկետային զինծառայողներին քվեարկության համար խմբերով ընտրական տեղամասեր բերելը պայմանավորված է նրանց տեղաշարժը համակարգված կերպով իրականացնելու ծառայողական անհրաժեշտությամբ։

Ինչ վերաբերում է նախընտրական գործընթացին և բուն քվեարկությանը, ապա առկա է պաշտպանության նախարարի համապատասխան հրաման, որով կտրականապես արգելվում է զինծառայողների շրջանում նախընտրական քարոզչություն իրականացնելն ու որևէ թեկնածուի օգտին քվեարկելու ուղղորդելը։

Համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ զինծառայողների քվեարկության վերաբերյալ անհիմն, չփաստարկված պնդումներից։ Պաշտպանության նախարարությունը շարունակում է դիտարկել քվեարկության ընթացքը՝ զինծառայողների քվեարկության հետ կապված ահազանգերն ուսումնասիրելու համար»։

Նշենք՝ «Քաղաքացիական պայմանագրի» համար զինծառայողների ուղղորդված ու բաց քվեարկության մասին ահազանգեր է ստացել Ընտրությունների վերահսկման կոմիտեն։

Վարչական ռեսուրսի օգտագործման, ուղղորդումների, մասնավորապես, Մեհրաբի, Խնձորեսկի զորամասերից , ինչպես նաև «զինվորական հագուստով շրջիկ խմբերի գործածման մեխանիզմ»-ի մասին է ահազանգել «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխանախագահ Արմեն Աշոտյանը։

Ֆեյսբուքյան գրառումներով նա, մասնավորապես, նշել է․

«Վարչական ռեսուրսի օգտագործման, ուղղորդումների մասին տեղեկատվություն եմ ստանում զորամասերից։

Մեհրաբի զորամասի նորանշանակ հրամանատարը զինծառայողներին ուղղորդում է վիժվածքին ընտրելու։

Խնձորեսկի զորամասում զինվորներին պաղպաղակ են հյուրասիրել վիժվածքի անունից՝ նրան ընտրացնելու համար։

Բանակին սկզբից տարան արտաքին թուրքի բերան, հիմա էլ ներքին թուրքերն են մեր տղերքին թիրախավորել»։

«Ամենախայտառակ վիճակը զինվորականների քվեարկության հետ է կապված:

Ի լրումն արդեն հայտնի աղաղակող փաստերի հայտնեմ ևս մեկը:

Սյունիքի մարզի Շիկահող գյուղի 35/38 ընտրատեղամասում զինվորականների համար նախատեսված լրացուցիչ ցուցակով քվեարկելու համար փորձել են «քվեարկացնել» ևս մոտ 10 հոգի զինվորական հագուստով մարդկանց, որոնց մոտ սակայն չի եղել զին. գրքույկ, ինչը պարտադիր պայմաան է նման քվեարկության դեպքում:

Հանձնաժողովը թույլ չի տվել տվյալ մարդկանց քվեարկել:

Ակնհայտ է, որ գործի է դրվում զինվորական հագուստով շրջիկ խմբերի գործածման մեխանիզմը, որը ոչ մի կապ չունի բուն բանակի հետ:

Այսպիսով փորձում են ապահովել նույն մարդկանց կողմից տարբեր տեղամասերում քվեարկության հնարավորություն՝ զինվորականների անվան տակ:

Հրավիրում եմ դիտորդների և զլմների ուշադրությունը»։

Лента

Рекомендуем посмотреть