«Անհերքելի ապացույց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում՝ քաղաքական սակարկությունների համար»,-արձանագրում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի զրույցի տեսանյութը։
ՄԻՊ աշխատակազմը նրանց զրույցը ներկայացրել է լուսագրերով՝ անգլերեն և ռուսերեն թարգմանությամբ։ Ըստ այդմ՝ Ալիևն ասում է, որ, եթե ամբողջությամբ ստանան ականադաշտերի քարտեզները, մեծ առավելություն կունենան, քանի որ այդ տարածքները (2020-ի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքները-խմբ․) ականներից մաքրելու համար10 տարի կպահանջվի։ Էրդողանի կինն արձագանքելով՝ հարցնում է Իլհամ Ալիևին՝ ունե՞ն արդյոք գերիներ, ինչին վերջինս պատասխանում է՝ այո, ընթացքի մեջ է։ Էմինե Էրդողանը վրա է բերում՝ այո, մաս-մաս տվեք։
«Անհերքելի ապացույց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները`
1) հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար.
2)իրականացնում են մարդկանց առևտուր` կատարելով հանցանք.
3)միջազգային հանրությանը շարունակաբար մոլորեցնում են` պնդելով, թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են.
4) գերիների նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ:
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այս քննարկումն այն մասին է, որ հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են` ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութը թարգմանել է ռուսերեն և անգլերեն ու վերլուծության ենթարկել:
Այն ՀՀ մարդու իրավունքների պաշտանի պաշտոնական նամակով կուղարկվի ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կառույցներին»,-տեղեկացնում է Արման Թաթոյանը։
Հիշեցնենք՝ հունիսի 12-ին ադրբեջանական կողմը 15 հայ զինվորականի վերադարձրեց։ Պաշտոնական Բաքուն հայտարարեց՝ գերիներին վերադարձրել է Ակնայի (Աղդամ) ականապատ դաշտերի քարտեզի դիմաց։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ, նույն օրը քարոզարշավի ժամանակ անդրադառնալով գերիներ՝ քարտեզների դիմաց շրջանառվող թեմային, հայտարարեց, որ դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո գերիների փոխանակման գործընթացին զուգընթաց պարբերաբար որոշակի թվով քարտեզներ փոխանակել են Ադրբեջանի հետ, որպեսզի կառուցողական մթնոլորտ լինի գերիների, զոհերի մարմինների փոխանակման հարցում։ Նա տեղեկացրեց, որ, նույնիսկ, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում գտնվելու ժամանակ որոշ քարտեզներ ուղարկել է Բաքու:
Իսկ նոր վերադարձած 15 գերիների առնչությամբ էլ ասաց, որ «այո, ականապատ դաշտերի քարտեզներ վերադարձվել են Ադրբեջանին, չի կարող ասել ոչ շոշափելի մասը, շոշափելի մաս է վերադարձվել, բայց փոքր մաս է վերադարձվել», սակայն դա, նշեց, դիտարկում է ոչ թե որպես փոխանակում, այլ քայլ՝ քայլի դիմաց։
Հիշեցնենք՝ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 87 գերի, մեկ անձ էլ՝ լիբանանահայ Մարալ Նաջարյանը վերադարձվել է Բեյրութ՝ տեղի իշխանությունների և ՌԴ ջանքերի շնորհիվ:
Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին, ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 25-ին հայտարարել է՝ չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայ գերիներին՝ որպես քաղաքական պատանդ և շարունակում է նրանց հանդեպ խոշտանգումների և հոգեբանական ճնշման գործելակերպը:
Ըստ իրավապաշտպանների՝ Ադրբեջանում անհայտ պայմաններում դեռ ավելի քան 200 հայ է պահվում։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը