«Հարևան երկրների ղեկավարների այցերը մեկնաբանելը Հայաստանի արտգործնախարարության իրավասության մեջ չէ»,-այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտքաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարարության՝ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Էրդողանի ու Ալիևի Շուշի կատարած այցը դատապարտող հայտարարությանը։
Հիշեցնենք՝ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական պատմամշակութային կենտրոն Շուշի քաղաք՝ այն համարելով տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք։
«Հաշվի առնելով այն փաստը, որ ներկայումս Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ղեկավարություն չկա, մենք կցանկանայինք տեղեկացնել նրանց, ովքեր մնացել են այդ կառույցում և նրանց, ովքեր պատրաստել են այս հայտարարությունը, որ երկիրը չի կարող գրավել իր տարածքները, բայց կարող է միայն դրանք ազատել բռնազավթումից»-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան՝ շեշտելով, որ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանն «ազատագրել է իր հողերը օկուպացիայից և վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը»:
«Խորհուրդ ենք տալիս Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը ուշադիր ծանոթանալ երեք երկրների ղեկավարների, այդ թվում՝ իրենց երկրի ստորագրած համատեղ հայտարարություններին՝ դրանք կատարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։
Հայաստանը պետեք է գործի՝ գիտակցելով իրական իրավիճակը, այլ ոչ թե սնվի պատրանքներով»,-ասել է Աբդուլլաևան՝ հավելելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կողմից Շուշիում ստորագրված համատեղ հռչակագրի նպատակն է խթանել խաղաղությունն ու անվտանգությունը և համագործակցության նոր հնարավորությունները»։
Հիշեցնենք՝ այս պահին ՀՀ դիվանագիտական գերատեսչության միակ պատասխանատուն նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն է․ մայիսի 27-ին հրաժարական է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: 4 օր անց՝ մայիսի 31-ին, արտգործնախարարության անձնակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ նա խոսել էր պատճառների մասին, մասնավորապես ասել, թե իր որոշումը պայմանավորված էր նրանով, «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։ Նույն օրը նախագահ Սարգսյանը ստորագրել էր Այվազյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Այդ օրը Աննա Նաղդալյանն էլ հայտնել էր, որ այլևս չի կատարում ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները:
Հունիսի 7-ին ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը հաստատել էր լուրերը, որ ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ: Հունիսի 8-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, սակայն, ստորագրել էր արտգործնախարարի 4 տեղակալներից 3-ի ազատման որոշումները։ Հունիսի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում Ավինյանը հայտնել էր, թե ինչու չի ստորագրել պարոն Ղևոնդյանին աշխատանքից ազատելու դիմումը։
«Չէր կարող ԱԳՆ-ում, առհասարակ, պարտականություններ կատարող չլիներ, դա է հիմնական պատճառը»,-պարզաբանել էր նա։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը