«Կան ծնողներ, որոնք սպասում են, հնարավոր են համարում, որ էլի մասունքներ կգտնվեն: Կան ծնողներ, որ ինչ որ կադրերում տեսած տղաներին նմանացնում են իրենց որդիներին ուասում են՝ գերի են, ու այդ դեպքում, երբ նույնականացում է լինում, մենք իրենց թշնամին ենք դառնում: Տա Աստված, որ մենք տանք սխալ նույնականացում, երեխան ողջ ու առողջ վերադառնա տուն»,-այդ մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Մոլեկուլային փորձաքննությունների բաժնի վարիչ Մարինա Բաղդասարյանն՝ անդրադառնալով այն իրաղությանը, որ կան ծնողներ, որոնք նույնականացումից հետո չեն ցանկանում մասունքները վերցնել և հուղարկավորել։
Հիշեցնենք՝ օրեր առաջ առողջապահական գերատեսչությունը հայտնել էր, որ հունիսի 1-ի դրությամբ առկա է 50 մասունք, որոնք մի քանի անգամ անցել են փորձաքննություն, բայց դրանցից դեռ չի հաջողվել ԴՆԹ անջատել, փորձաքննված 149 դիերի մասով ծնողների բազայի հետ համընկնում չի ունեցել: Մի մասի տվյալներն էլ, ըստ նախարարության, նույնականացված են, տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան մարմնին, բայց դեռ հարազատների կողմից չեն վերցվել հուղարկավորելու համար:
Մարինա Բաղդասարյանի խոսքով՝ ռազմի դաշտում պայթյունից մարմինը մասնատվում է, տարբեր ուղղություններով տարածվում․«Բնական է, որ եթե մի ծնողինույնականացվել է մասունք, չի բացառվում նույն ծնողին նույնականացվի ոչ թե 2, այլ 10-15 մասունք, այսինքն մարմինը ինչքանով մասնատվել է, ինչքանով նմուշները, հյուսվածքները հայտնաբերվել են: Եղել է պահ, որ մենք գենետիկական նույնականացմամբ հավաքել ենք մարմին: Բայց կան ոսկորներ, որոնցիցԴՆԹ չի անջատվում»։
Ի դեպ, ասուլիսի ներկա «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Մոլեկուլային փորձաքննությունների բաժնի փորձագետ Արևիկ Սարգսյանն էլ, անդրադառնալով բոլոր հարթակներից, ընդհուպ՝ Ազգային ժողովի, իրենց ուղղված մեղադրանքներին, ասաց․
«Մենք 3 օր է պարալիզացված ենք, մեր համակարգը, որ 8 ամիս գիշեր-ցերեկ առանց քնի աշխատել ենք՝ 3 օր է չենք կարողանում աշխատել»։
Մասնագետը հայ ժողովրդից խնդրեց թույլ տալ իրենց աշխատել։
Նշենք՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների դիերն ու մասունքները պարկերով Աբովյանի դիահերձարանի նկուղներում թողնելու դեպքի բացահայտումից հետո տարաբնույթ մեղադրանքներ են հնչում «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի աշխատակիցների հասցեին։ Մեղադրանքներ կան առ այն, որ դիերը ու մասունքները թաքցվում են, ինչը այսօր հրավիրված մամլո ասուլիսում Հանրապետական դատաբժշկական կենտրոնի Արարատի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի վարիչ Արմեն Գևորգյանը բացառեց՝ դրանք որակելով «աբսուրդի ժանրից»։
Ինչ վերաբերվում է Աբովյանի դիահերձարանում արձանագրված դեպքին, ապա հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ զոհված զինծառայողների դիերի և մասունքների պահման պայմանները չեն համապատասխանել պահանջներին։
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան