Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների բազմաթիվ հարցումներին, հայտնում է․
«Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»:
Հիշեցնենք՝ մայիսի 30-ին, Ապարանում, «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության համակիրների հետ հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Ռոբերտ Քոչարյանը պետք է բացատրություն տա, թե 97-98 թթ․ ինչու է Ղարաբաղը դուրս թողել բանակցային գործընթացից»։ Նա նշել է, որ ակնկալում է բացատրություններ ու որ՝ և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում է հունիսի 18-ին կայանալիք ուղիղ եթերում բանավեճի։
Արձագանքելով այս հայտարարությանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, դաշնակցական Իշխան Սաղաթելյանն ֆեյսբույան իր էջում գրել էր․
«Դավաճանների հետ չեն բանավիճում և քննարկումներ չեն ծավալում՝ նրանց պետք է ուղարկել գրողի ծոցը և վերջ։
Հունիսի 20-ին հայ ժողովուրդը դա կանի»։
Երեկ «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նույնպես կարծիք էր հայտնել Փաշինյանի առաջարկի վերաբերյալ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում նշելով․
«Հայաստանի երկրորդ նախագահը, Արցախի առաջին նախագահը, նախագահ, որն ազատագրել է հողեր, չպետք է որևէ միիրավիճակում բանավեճի մեջ գտնվի մի անձի հետ, որը հողեր հանձնող է, մի մարդու հետ, որին, նույնիսկ իր նշանակած նախարարն ասում է՝ հաշվի չի առնում Հայաստանի շահերը: Հայաստանի շահերը հաշվի չառնողը Հայաստանի շահերի դեմ գնացողն է: Նման անձի հետ բանավիճելու իմաստ, նպատակահարամարություն, առհասարակ, չեմ տեսնում»: